Մարդիկ վարակվել են ոչ թե փողոցում քայլելիս, այլ սերտ շփումների ժամանակ, պետք է վերլուծել դրական դեպքերը․ համաճարակաբան


Մարդիկ վարակվել են ոչ թե փողոցում քայլելիս, այլ սերտ շփումների ժամանակ, պետք է վերլուծել դրական դեպքերը․ համաճարակաբան
Հուլիս 2 22:32 2020

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին NEWS.am-ը զրուցել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին աշխատակից,  բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանի հետ։

Պարոն Հովհաննիսյան, որպես համաճարակաբան, ինչպե՞ս եք գնահատում կառավարաության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումները

Եթե հետահայաց հայացքով փորձում ենք դիտարկել, կանխարգելող միջոցառումները ուշացումով իրականացվեցին։ Այն պարագայում, երբ հարեւան երկրներում համավարակը բավական լայն թափ էր ստացել, մեզ մոտ գործողությունները պետության կողմից բավական ուշացած էին, քանի որ այդ ժամանակ՝ չսպասելով անգամ առաջին դեպքի արձանագրմանը, պետք է հստակ ռազմավարություն մշակվեր, թե ինչ ճանապարհով է երկիրը գնալու։ Չինաստանի օրինակը ունենալով հենց ամենսկզբից մեզ մոտ պետք է խիստ սահմանափակումներ մտցվեին, ինչը չարվեց, բայց այդ ժամանակվա բացթողումը բերեց նրան, որ վարակը տարածվեց։ Հետո, երբ սահմանափակումներ եղան, որոշումների կատարողականությունը պետք է ապահովեին, մեծ սուպերմարկետներում հերթերի գոյացման մեխանիզմները պետք է շատ հստակ ուսումնասիրվեին, լուծման ճանապարհները գտնվեին, լինեին պատասխանատուներ ցանկացած սուպերմարկետներում, որ կվերահսկեին հերթերի գոյացումը, միջանձնային հեռավորության պահպանումը։ Բացի այդ՝ դրական դեպքերի մանրակրկիտ վերլուծություն պետք է իրականացվեր, հստակ համաճարակաբանական վերլուծություն պիտի կատարվեր, հասկանային՝ որն է վարակի հիմնական փոխանցման ճանապարհը։ Հիմա, երբ վեր ես լուծում, հասկանալի է դառնում, որ փոխանցման հիմնական ուղին սերտ շփումներն են եղել, սերտ երկարատեւ շփումները, ոչ թե մարդիկ վարակվել են  փողոցում քայլելու ընթացքում։ Եղել են հատկապես խմբերով սնունդ ընդունելու ժամանակ, եւ, ըստ այդմ, մարդկանց հավաքույթների խիստ վերահսկողություն պետք է իրականացվեր։ Բայց մինչեւ վերջին շրջանում տեսնում էինք, որ գյուղական բնակավայրերում միջոցառումներն անարգել իրականացվում էին, մարդիկ չէին գիտակցում, իրենց չէր բացատրվում ամբողջի վտանագավորության աստիճանը։ Դրան, թերեւս, նպաստում էին այդ ժամանակվա պատասխանատուների հայտարարությունները։ Այնինչ այն դեպքում, երբ ունես քիչ ինֆորմացիա, քիչ տեղեկատվություն, պետք է ի սկզբանե շատ զգուշավոր գործություններ կատարես, շատ ավելի խիստ սահմանափակումների գնաս, մինչեւ որ ձեռք բերես բավական ինֆորմացիա, որը վերլուծելու արդյունքում կպլանավորես հետագա քայլերը։

Սահմանափակումների կիրառման մեխանիզմներն ինչպե՞ս կգնահատեք։

Մենք տեսնում ենք, որ հասարակական կարգի պահպանության ջոկատները, որ շրջում են փողոցներում եւ մարդկանց տուգանում են փողոցում դիմակ չկրելու համար, երբ նույն ոստիկական ուժերը կարող էին ճիշտ ժամանակին մարդկանց կուտակման վայրերում տեղակայված լինել, պարեկություն իրականացնել, մարդկանց զգուշացնել, հատկապես որ դիմակների կրումն, օրինակ, համաճարակաբանական տեսանկյունից այս պահին ոչ մի դեր չի խաղում եւ դրա վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ կան։ Իսկ երբ ամիսներ շարունակ դա չես իրականացնում եւ այն ժամանակ, երբ համաճարակը մեծ ծավալների է հասել, մտցնում ես այդպիսի միջոցառումներ, պարզ է, որ մարդկանց մոտ հակադարձման, ներքին մերժման զգացողություն է առաջանում։  

Որոշում կայացվեց առողջապահական առաջնային օղակին ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Արդյո՞ք պատրաստված էր այդ օղակը։

Սկսած ազգային ուղեցույցներից, վերապատրաստումներից, ամբողջը պետք է շատ օպերատիվ կերպով մշակվեր։ Այդ պահի դրությամբ գործող չափորոշիչները պետք է շատ արագ տեղայնացվեին։ Պետք է մասնագետներին ժամանակին պատրաստեին։ Պոլիկլինիկաներում բժիշկները դիմակների խնդիրներ ունեին, էլ չեմ ասում՝ պաշտպանիչ հանդերձանքը։ Սրա վրա պետք է շատ լուրջ ռեսուրս դրվեր դրան նախորդող ամիսներին, որպեսզի հիմա էլ շատ լուրջ բռնկում չլինի բուժաշխատողների շրջանում։ Շատ բուժհաստատություններ այդ օգնությունը չեն ստանում, ցուցում կա, որ կարող են գնումներ կատարել արտակարգ ռեժիմի պայմաններում, բայց բուժհաստատություններից շատերը ֆինանսական միջոցներ չունեն բավարար։ 

Դուք որպես մասնագետ փորձե՞լ եք ձեր առաջարկությունները ներկայացնել նախարարությանը։

Առաջարկել ենք մեր աջակցությունը, սակայն առանց արձագանք։ Շտապ գործողությունների ռազմավարական ծրագիր մշակեցինք, ուղարկեցինք մինչեւ պարետին, որի համար հեռակա շնորհակալություն հայտնեցին եւ դրանով ամեն ինչ կանգ առավ, այնինչ մենք առաջարկում էինք օպերատիվ աշխատանքային խումբ ձեւավորել տարբեր մասնագետներով։ Խոսքը ոչ միայն համաճարակաբանների մասին է, այլեւ տնտեսագետներ, ծրագրավորողներ, որոնք արագ կկարողանային վերլուծել իրավիճակը, միջոցառումների ծրագիր առաջարկել։