Ի՞նչ արժե նախարար Զարուհի Բաթոյանի թանկարժեք նվերը դեսպանից (տեսանյութ)


Ի՞նչ արժե նախարար Զարուհի Բաթոյանի թանկարժեք նվերը դեսպանից (տեսանյութ)
Հունիս 29 20:25 2020

«Հանրային ծառայության մասին» օրենքում 2018 թ․-ի ապրիլին փոփոխություն է տեղի ունեցել, որով սահմանվել են ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ։ Նոր օրենքը մեծ խնդությամբ ընդունվեց հետհեղափոխական էյֆորիայում ապրող հանրության կողմից, և դա զարմանալի չէ, քանի որ, համաձայն տվյալ օրենքի, պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս արգելվում է նվերների ընդունումը հետևյալ սանդղակով։ Օրինակ, եթե պաշտոնատար անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն, հաշվառվում է և հանձնվում պետությանը կամ համայնքին: Եթե նվերի արժեքը գերազանցում է 100 հազար ՀՀ դրամը, ապա վերադաս ունեցող անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցող անձն իր նախաձեռնությամբ այն կա՛մ բարեգործության է տրամադրում, կա՛մ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունն ու գույքագրվում է:  

Եվ այսպես՝ օրենքի ընդունումից ընդամենը ամիսներ անց՝ օգոստոսին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նվեր ստացավ ոսկյա շքեղ վզնոց Արաբական Միացյալ Էմիրությունների  Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մուհամեդ ալ Զաաբիի կողմի։ Որքա՞ն արժե ոսկյա զարդը՝ կարող ենք ենթադրել լուսանկարից։

Նախարար Զարուհի Բաթոյանը և ԱՄԷ դեսպանը հանդիպել են դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելության շրջանակներում, որի առիթը 2019 թ․-ին Աբու Դաբիում անցկացված պարալիմպիկ խաղերի մասնակիցներին շնորհակալագրեր և նվերներ հանձնելն է եղել։ Նվերներ են ստացել նաև «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության անդամները։ Այս մասին տեղեկություն կարելի է գտնել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնակն կայքում, որտեղ, սակայն, բացակայում է նույնիսկ ակնարկ նախարարի ստացած նվերի մասին։ Նախարարության կայքում տեղադրված չեն նաև նախարարի՝ նվեր ընդունելու պահին կատարված լուսանկարներ, սակայն նույնը չի կարելի ասել ԱՄԷ դեսպանատան ֆեյսբուքյան էջի մասին։ Դեսպանատան էջում կարելի է տեսնել ոչ միայն լուսանկարներ, այլ նաև նախարարի թանկարժեք ոսկյա վզնոցի հանձնման-ընդունման տեսագրությունը։

Ինչպե՞ս է որակվում նման արժեքի ընծայի ընդունումը՝ թողնենք իրավապահ մարմինների գնահատականին՝ պարզապես հուշելով, որ նախարար Զարուհի Բաթոյանի այս տարվա ներկայացված հայտարարագրում դեսպանի նվերը հայտարարագրված չէ։ Ավելին` նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջին հայտարարագրում երևում է 945 հազար դրամ ֆինանսական միջոց։ Դրանից երեք ամիս անց ներկայացրած տարեկան հայտարարագրում նախարարի միջոցներն ավելացել են 3 միլիոն 460 հազար դրամով՝ կազմելով 4 միլիոն 404 հազար դրամ։ Միջոցների ծագման աղբյուրն անհայտ է, քանի որ նա չի հայտարարագրել իր եկամուտները։

Սակայն սա այլ պատմություն է, որին արդեն անդրադարձել է data.hetq.am-ում՝ հրապարակելով «Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել» վերտառությամբ հոդվածը։

 
 


loading...