Սթիվ Ջոբսի ոչ բոլոր գաղափարներն են եղել հաջողակ, բայց, չգիտես ինչու, դրանց մասին հեշտորեն մոռացել են ու կենտրոնացել այն գաղափարների վրա, որոնք ամբողջ աշխարհով մեկ հաջողություն են գրանցել ու Ջոբսին գումար աշխատելու անսահմանափակ հնարավորություններ տվել։
Սակայն եղել են ժամանակներ, որ հայտնի միլիարդատերը որոշել է հագուստի արտադրությամբ ևս զբաղվել, ու այդ գաղափարը դարձել է նրա ամենաանհաջողներից։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի անգամ Sony-ի գրասենյակ այցելելուց հետո Ջոբսը տպավորված էր նրանց հատուկ հագուստով ու դրես կոդով, որը ներառում էր ընկերությանը հատուկ էլեմենտներ։
Այս գաղափարը Apple-ի ղեկավարությանը շատ հետաքրքիր թվաց։ Նրանք մտածեցին, որ դրանով կարող են բարձրացնել թիմային ոգին։ Արդյունքում Սթիվ Ջոբսը խնդրեց ճապոնական դիզայներ Իսսեյ Միյակեին մշակել ընկերության համար հագուստի շարք, որը կկրեն ընկերության աշխատակիցները։
1986թ.-ին աշխատած Apple-ի բոլոր աշխատակիցներին ներկայացվեց Apple collection հագուստի հավաքածուն. նեյլոնից վերարկուներ, ջինսեր ու վերնահագուստ՝ հենց ընկերության տարբերվող լոգոյով։ Լոգոն, սակայն, տարբերվում էր նրանով, որ այն ներկված էր ծիածանի գույներով ու մի տեսակ հավաքածուն աչքի համար տհաճ դարձնում։ Դա էր նաև պատճառը, որ աշխատակիցներն ուղղակի չհավանեցին հագուստի հավաքածուն։
Թերթելով այն կատալոգը, որում ներառված էին հագուստի ամենափոքր դետալներից մինչև շքեղ զգեստները, աշխատակիցները հայտարարեցին, որ կյանքում նման անճաշակություն չեն տեսել ու կնախընտրեն առհասարակ մերկ գալ աշխատանքի, քան կրել նմանատիպ հագուստ։
Արդյունքում Իսսեյ Միյակեն, ով հասցրել էր ընկերանալ Ջոբսի հետ, ստիպված էր հրաժարվել ստեղծած հագուստի գաղափարից։ Սակայն Ջոբսը չհամաձայնեց նրա հետ խզել բոլոր գործնական հարաբերությունները։ Նրանք որոշեցին միասին թողարկել ավելի պարզ հագուստի հավաքածու, որը կազմված էր լինելու ուղղակի ջինսերից և սև, երկար վզով սվիտերից։ Այդ առումով, կարծես թե, Ջոբսի երազանքն իրագործվեց։ Ի վերջո նա ունեցավ հագուստի տիպ, որը կրում էին միայն իր ընկերության աշխատակիցները։