Իմ անցյալը զսպում է իմ ընտանիքին, որ մի թիթիզություն չանեն, սխալ թույլ չտան. Ռոբերտ Քոչարյանի և դատավորի հարցուպատասխանը


Իմ անցյալը զսպում է իմ ընտանիքին, որ մի թիթիզություն չանեն, սխալ թույլ չտան. Ռոբերտ Քոչարյանի և դատավորի հարցուպատասխանը
Հունիս 17 18:37 2020

Իմ կենսագրությունը զսպում է ընտանիքիս, որ թիթիզություն չանեն, մի սխալ բան չանեն, որ չասեն՝ նախագահի տղան կամ աղջիկը իրեն լավ չի պահում. դա խորն է նստած մեր ընտանիքում, եւ այդպես լինելու է մինչեւ վերջ: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ ասաց երկրորդ նախագահը՝ պատասխանելով նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանի հարցերին։

«Ներողություն եմ խնդրում երաշխավորներից, որոնք որոշակի շրջանակի համար ունեն մեծ հեղինակություն, բայց եթե իմիտացիա անեինք, ո՞րը կլիներ ավելի լավ տարբերակ Ձեզ համար. որ նրանք լինեին Ձեզ երաշխավո՞րը, թե՞ Դուք նրանց»,- հարցրեց դատավորը։

Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ դատավորի մոտ նույնպես կա այն մոտեցումը, որ եթե պաշտոնյա կամ հանրային դեմք ես, ապա ավելի մեծ հնարավորություն կա գործին խոչընդոտելու. «Բայց ինձ մոտ հակառակն է, որովհետեւ պատասխանատվության, հանրային ընկալման լրացուցիչ բեռ է ինձ վրա կախված, դրա համար էլ, երբ ամեն անգամ քննարկվում է խափանման միջոցի հարցը, դատախազության մոտեցումը այդ մասով ես չեմ հասկանում: Նախկինում իմ պաշտոնյա լինելն այսօր խոչընդոտ է։ Ես 12 տարի է, որ իշխանության մեջ չեմ։ Այսօրվա իշխանությունն էլ առանձնապես իմ նկատմամբ սեր չի ցուցաբերում»։

«Ձեր ընկերների, մտերիմների, ընտանիքի շրջանակում Ձեզ հեղինակություն համարո՞ւմ եք»,- հարցրեց դատավորը, որին ի պատասխան Քոչարյանն ասաց՝ այո։

«Հոգեբանական առումով պատասխաանտու զգո՞ւմ եք նրանց գործողությունների նկատմամբ, եթե հատկապես ուղղված լինեն Ձեզ օգնելուն»,- հարցրեց դատավորը, որին Քոչարյանը պատասպանեց՝ իհարկե։

«Հնարավոր համարո՞ւմ եք, որ կարող եք սահմանափակել նրանց ոչ իրավաչափ վարքագիծը, թեկուզ նաեւ՝ Ձեր օգուտի համար, այսինքն՝ կարո՞ղ եք ազդեցություն ունենալ»,- հարցրեց դատավորը։

Ռոբքերտ Քոչարյանն ասաց, որ, իհարկե, կարող է. «եթե իմ մտերիմ մարդիկ են, սխալ քայլ են գործում, եւ կա փոխադարձ վստահություն, իմ բնավորությունն այնպիսին է, որ ես կարող եմ մարդու երեսին ասել, որ սա ճիշտ բան չէ, բայց եթե ընկալումն այնպիսին է, որ պիտի մի փայտ վերցնես, մարդու հետեւից վազես, երաշխավորները պետք է միայն ոստիկանները լինեն կամ գողականները»։

Լսելով «գողականներ» բառը, դատավորն ասաց. «Մենք նրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ենք ձեռնարկում, հուսով ենք՝ մեր հասարակության մեջ գողականները հարցեր չեն լուծելու»։

«Զսպելը ես չեմ ընկալում ծեծելով, ստիպելով. հարգանքով եւ հեղինակությամբ մարդ պետք է դա կարողանա»,- արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը։

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու 3 միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաեւ՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Մայիսի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունները, որի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։