Այսօր հայկական դրոշի օրն է


Այսօր հայկական դրոշի օրն է
Հունիս 15 14:26 2020

2006թ. հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունեց նոր՝ «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը և այդուհետ հունիսի 15-ը համարվում է ՀՀ դրոշի պետական օր: Հայաստանի դրոշն ընդունվել է  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին և այն իր չափերով և գույներով Հայաստանի առաջին հանրապետության դրոշի կրկնությունն է հանդիսանում, որի հեղինակը ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին է։

ՀՀ դրոշը երեք հավասար հորիզոնական հավասարաչափ զոլերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ, վերևում` կարմիր, մեջտեղում` կապույտ, ներքևում` նարնջագույն:

 
 
Դրոշի գույների մասին առկա են տարբեր մեկնաբանություններ, սակայն 2006 թվականի օրենքում տրված է հետևյալ մեկնաբանությունը.

«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։

Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»