Օգնեք մեզ՝ բժիշկներիս, անխոչընդոտ կատարել մեր աշխատանքը, իսկ ձեր քաղաքական վերլուծությունների համար դեռ շատ ժամանակ կունենաք․ Բժիշկ


Օգնեք մեզ՝ բժիշկներիս, անխոչընդոտ կատարել մեր աշխատանքը, իսկ ձեր քաղաքական վերլուծությունների համար դեռ շատ ժամանակ կունենաք․ Բժիշկ
Հունիս 11 19:41 2020

Որոշ ժամանակով թողեք քաղաքական ենթատեքստեր կրող ելույթները, զերծ մնացեք քաղաքական բնորոշումներից եւ արտահայտություններից՝ անկախ նրանից թե ով է սխալվել, ում է ինչ ձեռնտու, ով է ինչի տակ թաքնված, ով է անմեղ կամ մեղավոր, ում կողմից է ղեկավարվում կամ չի ղեկավարվում այս ամենը: Այս մասին հայտարարություն է տարածել Կապան ԲԿ-ի Մանկական բաժնի վարիչ բժիշկ Արարատ Հարությունյանը եւ կոչ արել մյուս բժիշկներին միանալ իր կոչին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես չեմ խոսում քննադատելու, նախատելու, գովաբանելու կամ պարզապես խոսալու համար: Եվ ես ոչ թե խնդրում, այլ պարզապես պահանջում եւ կոչ եմ անում ՀՀ-ի բոլոր քաղաքական ուժերին, լինեն նրանք խորհրդարանական, թե արտախորհրդարանական, բոլոր քաղաքացիական եւ հասարակական կառույցներին եւ ինստիտուտներին, որոնք ունեն այսօր որեւէ քաղաքական ուղղվածություն եւ որոշակի շահեր են հետապնդում, անհատներին, բոլոր բոլորին:

Որոշ ժամանակով թողեք քաղաքական ենթատեքստեր կրող ելույթները, զերծ մնացեք քաղաքական բնորոշումներից եւ արտահայտություններից՝ անկախ նրանից թե ով է սխալվել, ում է ինչ ձեռնտու, ով է ինչի տակ թաքնված, ով է անմեղ կամ մեղավոր, ում կողմից է ղեկավարվում կամ չի ղեկավարվում այս ամենը:

Սրանք իհարկե բավականին կարեւոր հարցեր են, բայց որպես բժիշկ հավատացնում եմ՝ ոչ հիմա, ոչ մեր ժողովրդի համար այս ծանրագույն իրավիճակում: Ինչպես բոլորս միակարծիք ու միանպատակ ենք, երբ ժողովրդի ասած «Դանակը ոսկորին է հասնում», այս անգամ մի քիչ շուտ համախմբվենք եւ թույլ չտանք դանակին հասնել ոսկորին: Օգնեք մեզ՝ բժիշկներիս, անխոչընդոտ կատարել մեր աշխատանքը, իսկ ձեր քաղաքական վերլուծությունների համար դեռ շատ ժամանակ կունենաք: Ես կոչով դիմում եմ բոլոր բժիշկներին, որպեսզի նրանք նման պահանջով եւս հանդես գան: Այս պահին մենք ավել ժամանակ չունենք ուղղակի խոսելու եւ քննադատելու համար, մենք պետք է լծվենք աշխատանքի, մենք պետք է միասին հաղթահարենք այս վիրուսը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից եւ ընտրած գաղափարախոսությունից: