Այսօր Հայաստանում օրվա առաջին կեսի դրությամբ ոստիկանները տուգանել են 1800 քաղաքացու դիմակ կրելու կանոնները չպահպանելու համար. Նիկոլ Փաշինյան


Այսօր Հայաստանում օրվա առաջին կեսի դրությամբ ոստիկանները տուգանել են 1800 քաղաքացու դիմակ կրելու կանոնները չպահպանելու համար. Նիկոլ Փաշինյան
Հունիս 10 22:02 2020

«Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս, իհարկե, մենք վերջնական չենք կարող արձանագրել, որ իրավիճակը մեզ մոտ կայունացել է, բայց այդպիսի նախանշաններ կան»:  Այս մասին այսօր պարետատան ճեպազրույցի ժամանակ ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ, պարետատան, Կառավարության և առողջապահության նախարարության գործադրած ընդհանուր ջանքերի շնորհիվ իրավիճակը դառնում է տանելի: «Ըստ էության՝ մենք հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եվ եթե մենք միասին պահպանենք այս միտումը, առաջինը կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով ու կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին»:

Ըստ նրա՝ այս ամենը տեղի կունենա, եթե համաճարակային կանոնները խստիվ պահպանվեն և հիմա ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կրում է դիմակ ու պահպանում կանոնները, բայց դեռ ցանկալի արդյունք չունենք: Վարչապետը շեշտեց՝  այսօր ամբողջ Հայաստանում օրվա առաջին կեսի դրությամբ ոստիկանները տուգանել են 1800 քաղաքացու՝ դիմակ կրելու կանոնները չպահպանելու համար:

«Այս թիվը ես ցավով եմ ասում, մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ: Իշխանության խնդիրն է այս ձևով հստակ ուղերձ հղել, որ հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողությունը՝ գնալով  խստանալու է, և քաղաքացիներն իրենք պահպանեն կանոնները, ոչ թե տուգանվելու վախից կամ տհաճությունից, այլ որ այդպես պահպանեն իրենց, հարազատների և այլ քաղաքացիների առողջությունը»: