Վանքերը հաճախ դառնում են վայրեր ոչ միայն կրոնական երկրպագության, այլև զբոսաշրջության համար: Դրանցից մի քանիսին հասնելը բարդ է, սակայն դրանք իրենց ճարտարապետությամբ պարզապես ապշեցնում են: Ահա թե որոնք են ամենագեղեցիկ վանքերն աշխարհում:
Ռիլայի վանական համալիր, Բուլղարիա
Բուլղարիայի Ռիլայի վանական համալիրն ամենախոշոր արական վանքն է երկրի տարածքում և ամենագեղեցիկներից մեկը աշխարհում: 1983 թ. այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում: Համարվում է, որ վանքը հիմնվել է 10-րդ դարում Հովհաննես Ռիլայի կողմից, ում հզորությունը մինչ օրս զգացվում է վանական համալիրում: Զբոսաշրջիկների վրա մեծ տպավորություն են թողնում վանքի պատերը, որոնք զարդարված են սյուներով և կամարներով: Համալիրը ներդաշնակորեն համապատասխանում է շրջապատող լանդշաֆտի հետ, իսկ այցելության ժամանակ խորհուրդ են տալիս շատ տաք հագնվել, քանի որ անգամ ամենաշոգ ամռանը վանքի տարածքում ցուրտ է լինում:
Կի Գոմպա, Հնդկաստան
Տիբեթի բուդդայական ամենախոշոր վանքերից մեկը գտնվում է Սպիտի հովտում: Համարվում է, որ այն հիմնվել է 11-րդ դարում: Կի Գոմպան արտաքինից առավել նման է ամրոցի: Դարերի ընթացքում վանքը գտնվել է ռազմական գործողությունների կենտրոնում և տուժել է երկրաշարժերից, այդ իսկ պատճառով վանականները ստիպված են եղել վերականգնել ավիրված հատվածները: Չնայած դրան՝ ճարտարապետությունն ամբողջապես նույն ոճի մեջ է մնացել: Ներսում կարելի է տեսնել գեղեցիկ որմնանկարներ, քանդակներ, զենքեր և արվեստի գործեր: Վանքում մինչ օրս ուսանում են լամաները։
Մոն-Սեն-Միելի աբբայություն, Ֆրանսիա
Նորմանդիայի ժայռերում այս աբբայությունը կառուցվել է 11-16-րդ դարերում: Կառույցի արտաքին տեսքին նայելիս կարելի է գուշակել, որ այն ձգտել են վերածել անմատչելի ամրոցի: Համալիրի ճարտարապետությունը տարբերվում է անկաշկանդությամբ. Մոն-Սեն-Միշելում չկան հարուստ ինտերիեր ու զարդարանքներ, սակայն այն գրավում է իր վեհությամբ: Մոն-Սեն-Միշելին հասնելն այնքան էլ հեշտ չէ. մի քանի ժամն անգամ բավական չէ ամբողջական այցելություն կազմակերպելու համար:
Տակցանգ-լակհանգ, Բութան
Տակցանգ-լակհանգն արդարացիորեն համարվում է Բութանի ամենակոլորիտային տեսարժան վայրերից մեկը: Այս վանքը վեր է խոյացել 7-րդ դարում և գտնվում է Պարո հովտի լեռներում: Համաձայն լեգենդի՝ Տակցանգ-լակհանգի հիմնադիրը այս վայր է հասել վագրի մեջքով, այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ թարգմանաբար վայրի անվանումը նշանակում է վագրի բույն: Համալիրը կազմված է յոթ վանքից:
Գրիգորյան վանք, Հունաստան
Գրիգորյան վանքը տեղակայված է Աթոսի թերակղզու հարավ-արևելքում: 14-րդ դարում այն հիմնել է Գրիգոր Նորը, ում պատվին էլ վանքը ստացել է իր անվանումը: Վանքը կառուցված է ժայռի վրա, և այն կարծես ձգտում է հասնել երկինք: Իր տեղակայման և արտաքին տեսքի շնորհիվ այն համարվում է ամենագեղեցիկ վանքերից մեկն աշխարհում: