Ի՞նչ պետք է անեն բանկերը այս պայմաններում իրենց կենսունակությունը պահպանելու համար. Աշոտ Օսիպյանը 5 ուղղություն է նշում


Ի՞նչ պետք է անեն բանկերը այս պայմաններում իրենց կենսունակությունը պահպանելու համար. Աշոտ Օսիպյանը 5 ուղղություն է նշում
Հունիս 4 23:56 2020

Կորոնավիրուսի համավարակը խախտել է համաշխարհային տնտեսության բնականոն եւ նախանշված զարգացման ուղիները, եւ անորոշությունը կարծես թե տիրում է բոլոր ոլորտներում: Ֆինանսական հատվածը,  թերեւս, ամենազգայուններից է:  Որո՞նք են բանկային համակարգի, մասնավորապես հայաստանյան բանկերի անելիքները համավարկի հետեւանքներին դիմակայելու համար:

Տնտեսական լրագրողների ակումբի հյուրը  Բանկային կառավարման դպրոցի (BMS) հիմնադիր, տնտեսագետ  Աշոտ Օսիպյանն է:

Ա. Օսիպյան-COVID 19-ը,իրոք, փոխեց մեր կյանքը՝ առաջադրելով նոր կանոններ եւ պայմաններ։ Առաջին փոփոխությունները պանդեմիայի պայմաններում պայմանավորված էին հիվանդության տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմամբ՝  փակվեցին պետությունների սահմանները, սահմանափակվեց մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը, ինչպես նաեւ տնտեսության որոշ ոլորտների գործունեությունը։ Այս ամենին ի հետեւանք, մարդկությունը առնչվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամին, որն իր չափերով համեմատելի է 1930-ական թվականների Մեծ դեպրեսիային։

Տվյալ պահին տնտեսությանը սպառնալիք վնասի վերաբերյալ կանխատեսումները կարճաժամկետ են եւ կրում են սպեկուլյատիվ բնույթ, ինչը կապված է համավարակի վերացման ժամկետների անհայտ լինելու փաստի հետ։

Ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացնեն առեւտրային բանկերը համավարակի պայմաններում իրենց կենսունակությունը պահպանելու համար։

Ա. Օսիպյան-  Նախ. պահպանել իրացվելիությունը

Ըստ  առաջին եռամսյակի ցուցանիշների հայկական բանկերը բավականին իրացվելի են եւ ստեղծված պայմաններում  այդ իրացվելիությունը պահպանելը առավել կարեւոր նախապայման է կենսունակության համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է վերանայել ակտիվների եւ պարտավորությունների կառուցվածքը՝ ուշադրություն դարձնելով նրանց ժամկետներին եւ մարման պայմաններին։ Հիմնական աշխատանքը կապված կլինի պարտավորությունների հետ։ Նպատակային կլինի երկարաձգել պարտավորությունները, վերակնքել գործող պայմանագրերը, ինչը իրագործելի է միջազգային ֆինանսական  կառույցների պարագայում։ Ցանկալի է կնքել նոր պայմանագրեր՝ ներգրավելով լրացուցիչ երկարաժամկետ միջոցներ։

 

Երկրորդ. վարկային ներդրումների օպերատիվ կառավարում

Պանդեմիայի հետեւանքով բանկերի հաճախորդները՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ունեն դրամական միջոցների պակաս, որի պատճառով առաջանալու են բազում խնդիրներ` վարկերի մարման հետ կապված։ Բանկերը պետք է շատ զգոն եւ զգույշ արձագանքեն տվյալ իրավիճակին՝ փորձելով ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի։ Այս գործընթացը օպտիմալ կազմակերպելու համար բանկերը պետք է նախ որդեգրեն վարկառուների հետ աշխատանքի մի շարք սկզբունքներ։

Այդ սկզբունքները պետք է հաշվի առնեն վարկի նպատակը, ժամկետը, արժույթը, վարկառուի ֆինանսական վիճակը եւ ապահովությունը։ Վարկերի վերակնքման կամ վերակառուցման պարագայում անհրաժեշտ է դիտարկել վարկային բեռի ճիշտ բաշխումը` ըստ հետագա տարիների։ Հաջորդիվ պետք է կազմակերպել վարկառուների հետ աշխատանքներ համաձայն որդեգրված սկզբունքների՝ հաճախորդի ֆինանսական ներկա եւ ապագա իրավիճակի գնահատում, նոր վարկային հարաբերությունների վերաբերյալ առաջարկի ներկայացում, նոր վարկային հարաբերությունների վերաբերյալ որոշման կայացում, որոշման պայմանների ներկայացում հաճախորդին եւ համաձայնության դեպքում նախատեսված միջոցառումների իրականացում։ 

Բանկի աշխատանքները վարկառուի հետ պետք է լինեն թափանցիկ, արագ եւ միտված լինեն հաճախորդի հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպամանը։

Երրորդ. ռիսկերի կառավարման նոր համակարգի ներդրում

Պանդեմիայի պայմաններում ռիսկերի կառավարման հին համակարգը չի գործում, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է դառնում նոր համակարգի ներդրումը։ Պետք է հրաժարվել գործող վարկային սքորինգներից, վարկառույի (BRR) եւ ապահովության (FRR)  ռիսկերի գնահատումից: Ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ պատմական շարքերն այսօր կիրառելն անիմաստ է եւ անօգուտ։ Ռիսկերի կառավարումը այս փուլում պետք է հաշվի առնի միայն ապագայի վերաբերյալ կանխատեսումները եւ կրի էքսպերտային բնույթ։

Չորրորդ. շահութաբերության բարձրացում

Հաշվի առնելով այն, որ բանկերը վարկերի դժվար վերադարձելիության պատճառով ստիպված են լինելու  ձեւավորել մեծ պահուստներ, նրանք խնդիր են ունենալու շահութաբերության հետ։ Այս շրջանում անհնար է լինելու զգալի ավելացնել վարկային ներդրումները եւ դրա հաշվին ապահովել պատշաճ մակարդակի տոկոսային եկամուտ։ Միեւնույն ժամանակ դժվար է լինելու ավելացնել նաեւ ոչ տոկոսային եկամուտները, որի հետեւանքով բանկերը ստիպված կլինեն կրճատել ծախսային հոդվածները։ Կրճատել տոկոսային ծախսերը, պահպանելով իրացվելիությունը, բավականին դժվար կլինի, այդ պատճառով առաջին պլան կմղվի ոչ տոկոսային ծախսերի կրճատումը։ Հաշվի առնելով այս ամենը՝ շահութաբերությունը կպահպանվի միայն բանկի գործունեության արդյունավետության բարձրացման պարագայում։

Հինգերորդ. թվային վերափոխում

Հայկական բանկերը թվային վերափոխման գործընթացը սկսել էին դեռ մինչեւ պանդեմիայի ի հայտ գալը եւ այս օրերին շարունակում են այն արագ զարգացնել։ Թվային վերափոխումը թույլ կտա առեւտրային բանկերին բարելավել ներքին բիզնես գործընթացները եւ իրականացնել հաճախորդների արագ եւ որակյալ հեռահար սպասարկում։ Թվայնացման նպատակով բանկերը պետք է օգտագործեն գործող մոբայլ եւ սոցիալական ցանցերը, զարգացնեն տվյալների վերլուծության արդի հնարավորությունները։ Բանկերի թվայնացումը կբերի արդյունավետության բարձրացմանը, որն էլ իր հերթին կավելացնի շահութաբերությունը։

Վերոնշյալ հինգ միջոցառումները թույլ կտան առեւտրային բանկերին ոչ միայն դիմակայել ճգնաժամին, այլ նաեւ կնպաստեն նրանց հետագա զարգացմանը։



loading...