Գողացված պետհամարանիշերի դիմաց գումար պահանջողների դեմ քրեական գործեր են հարուցվել


Գողացված պետհամարանիշերի դիմաց գումար պահանջողների դեմ քրեական գործեր են հարուցվել
Հունիս 2 16:56 2020

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգամ գողանում են մեքենայի պետհամարանիշերը, ապա թողնելով վայբերի հեռախոսահամարը՝ այսպես ասած «մեծահոգաբար հնարավորություն են տալիս» հետադարձ կապ հաստատել և որոշակի գումարի դիմաց գնել ձեր իսկ մեքենայից գողացված համարանիշը։ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց, որ ոստիկանությունում արդեն իսկ կան արձանագրված դեպքեր ու հարուցված քրեական գործեր, ձեռնարկվում են միջոցառումներ բացահայտելու ուղղությամբ։ Թե քանի՞ ահազանգ և քրեական գործ է հարուցվել պետհամարանիշերի գողության դեպքով, ոստիկանությունից փոխանցեցին, որ հրապարակման ենթակա տեղեկատվություն չէ։ Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք պարզվե՞լ է՝ միմյանց հետ կապ ունեցող անձանց, խմբավորումների կողմից են կատարվել գործողությունները, թե՞ առանձին, Գաբրիելյանն ասաց․ «Ես ձեզ տրամադրեցի հրապարակման ենթակա նյութը»։ Նշենք, որ պետհամարանիշերի գողության հետ կապված՝ իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը։ Մեկնաբանություններում քաղաքացիները գրում են իրենց հետ տեղի ունեցած դեպքերի մասին, թե ինչ հեռախոսահամարներ են թողել գողություն կատարած անձիք՝ հետադարձ կապի համար, որքան գումար են առաջարկել իրենց իսկ մեքենայի համարանիշի համար։ Նրանցից մեկն անգամ հրապարակել է իր և համարանիշը գողացած անձի նամակագրությունը։

 
 
 
 

Սոնա Հարությունյան



loading...