«Ձեր աշխատանքները հետաքրքիր, յուրօրինակ և պահանջված են»․ Պուտինը շնորհավորել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ


«Ձեր աշխատանքները հետաքրքիր, յուրօրինակ և պահանջված են»․ Պուտինը շնորհավորել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ
Մայիս 29 17:07 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայազգի նկարիչ ու քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին  հոբելյանի կապակցությամբ։ Նա Ֆրանգուլյանի գործերն անվանել է պահանջված ու ոչ պարզունակ։ Հրապարակումը տեղադրվել է ՌԴ նախագահի կայքում։

«Շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Լինելով տաղանդավոր նկարիչ, քանդակագործ, զանազան ժանրերում և տարբեր տեխնիկաներով ստեղծված վառ, ինքնատիպ աշխատանքների հեղինակ՝ Դուք միջազգային լայն ճանաչման եք հասել։ Կարևոր է, որ այսօր էլ Ձեր ստեղծագործական ծրագրերը շարունակում են հետաքրքիր, յուրօրինակ և պահանջված լինել։ Ձեզ քաջառողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք եմ մաղթում»,- նշված է Պուտինի շնորհավորական ուղերձում։

Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիի Սոլոլակի շրջանում 1945 թվականին։ 1956 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան։

Նրա ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։