Ինչպես են ի հայտ եկել պատմության մեջ առաջին օրենքները


Ինչպես են ի հայտ եկել պատմության մեջ առաջին օրենքները
Մայիս 28 19:42 2020

Օրենքները կանոնների ամբողջություն են, որոնք պաշտպանում են քաղաքացիների իրավունքներն ու սահմանում են նրանց պարտականությունները: Օրենքները կարգավորում են մարդու գործունեությունը հասարակության մեջ, և առանց դրանց հասարակության գոյությունը հնարավոր չէ պատկերացնել: Սակայն քչերն են տեղյակ, թե ինչպես են ի հայտ եկել առաջին օրենքները, և ընդհանրապես, ինչու էին դրանք անհրաժեշտ հնագույն մարդուն:

Ինչո՞ւ օրենքներ ունենալու կարիք առաջացավ

Նախնադարյան համայնքներում մեկ համայնքի մեջ ապրող մարդկանց հարաբերությունները բարդ ու բազմազան չէին, սակայն, միևնույն է, հաճախ հակասություններ ու տարակարծություններ էին առաջանում ցեղակիցների միջև, հետևաբար համերաշխ գոյություն ապահովելու համար հարկավոր էին հստակ կանոններ, որոնց պետք է հետևեին համայնքի բոլոր անդամները՝ տարաձայնություններից խուսափելու համար:

Առաջին օրենքներն արդեն ձևավորվել էին նախնադարյան հասարակությունում: Նրանք իրենցից ներկայացնում էին տարատեսակ տաբուներ ու թույլտվություններ: Տաբուները՝ արգելքները, ընդգրկում էին նախնադարյան մարդու կյանքի բոլոր ոլորտները՝ պատերազմ, որս ու առօրյա: Հնում երեք կարևորագույն տաբուներ գոյություն ունեին, որոնք առաջին օրենքների նախատիպերն են եղել.

1. արգելվում էր արյունապղծությունը,

2. արգելվում էր սպանել ցեղակցին,

3. չէր կարելի անօգնական վիճակում թողնել անաշխատունակներին ու թույլերին՝ ծերերին, երեխաներին ու հաշմանդամներին:

Եթե մարդը խախտում էր այս կանոնները, նրան խիստ պատժի էին ենթարկում՝ ընդհուպ մինչև համայնքից վտարում: Հետագայում հասարակական հարաբերությունները փոփոխությունների ենթարկվեցին, հասարակության կառուցվածքն առավել բարդ դարձավ, իսկ մարդիկ սկսեցին սեփականություն ունենալ: Մարդկանց միջև հակասություններն ու վեճերը գնալով շատացան, ինչն էլ պատճառ հանդիսացավ հատուկ կառուցվածքի ստեղծման՝ հասարակությունն արդյունավետ կառավարելու համար: Այսպես առաջացավ պետությունը, որի պարտականությունն է իր քաղաքացիների միջև հարաբերությունները կանոնակարգել և լուծել նրանց միջև առաջացող վեճերը, այդ պատճառով էլ վարքագծի բոլոր կանոնները սկսեցին գրավոր կերպով ամրագրել, և հենց դրանք էլ համարվեցին առաջին օրենքներ:

Ե՞րբ են ի հայտ եկել առաջին օրենքները

Թղթի վրա ամրագրում ստացած առաջին օրենքները շատ վաղ են առաջացել: Դրանք հրապարակել է հին Բաբելոնի արքա Համմուրաբին շուրջ 4 հազար տարի առաջ: Համմուրաբիի օրենքներն ուղղված էին գողության ու մարդու այլ ոչ ցանկալի վարքագծի տեսակների դեմ: Հնագույն օրենքների այս ժողովածուն հստակորեն սահմանում էր սեփականություն ունեցողների ու քաղաքացու իրավունքները:

Ի սկզբանե օրենքներն արձակում էին միապետները, որոնք ինքնուրույն էին որոշում, թե վարքագծի որ կանոններն է հարկավոր օրենքի մակարդակով ամրագրել: Միապետները նաև պատժի էին ենթարկում հանցագործներին: 534 թ. Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսն ստեղծեց իր հայտնի Քաղաքացիական օրենսգիրքը: Այնուհետև դրանով սկսեցին զբաղվել դատարանները: Իրավունքի ոլորտում մասնագետներ հայտնվեցին, որոնք ուսումնասիրում էին օրենքներն ու կիրառում էին դրանք:

Հին Հունաստանում օրենքներն ընդունվում էին բոլոր քաղաքացիների կամքով, իսկ Հռոմեական կայսրության ծաղկման ժամանակաշրջանում օրենքները նոր բովանդակություն ստացան: Դրանցից շատերը փոփոխված տարբերակներով հասել են մինչև մեր օրեր և անգամ օգտագործվում են ժամանակակից օրենսդրության մեջ: Իրավական համակարգի զարգացման մեջ մեծ ներդրումներ են եղել միջին դարերում: 12-րդ դարից հետո հռոմեական օրենսդրության հիմքով եվրոպական երկրներում սկսեցին զարգացում ապրել նաև ընդհանուր, քաղաքացիական ու միջազգային իրավունքները:  

Իրենց զարգացման երկարատև պատմության ընթացքում օրենքները շատ փոփոխությունների են ենթարկվել, և այսօր դրանք տարբերվում են հնագույն օրենքներից: Օրենքների լավ իմացությունը և դրանք ճիշտ կիրառելու ունակությունը միավորվել են հատուկ ուղղության մեջ, որն այսօր կոչվում է իրավագիտություն: