Հայաստանում աճել է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը. փոխնախարար (տեսանյութ)


Հայաստանում աճել է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը. փոխնախարար (տեսանյութ)
Մայիս 27 23:07 2020

Ազգային ժողովում քննարկվում է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը ներկայացրեց հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ շատ կարևոր օրենք է և հետաքրքրվեց՝ քանի հոգեկան խնդիրեր ունեցող քաղաքացի կա Հայաստանում:

 «Այո´, այս օրինագիծը խիստ կարևոր է, որովհետև կոչված է իրեն իրավունքները պաշտպանելու առումով խոցելի խմբի շահերը պաշտպանելուն: Առողջապահության նախարարության քաղաքականության առաջնահերթություններից է դիտարկվում հոգեկան առողջության հետ կապված և´ իրավական հիմքերի ամրապնդումը, և´ հիվանդանոցային ծառայությունների որակի բարձրացումը, և´ հնարավորինս հասանելի դարձնելը այս ծառայությունները դրա կարիքն ունեցող անձանց»,- ասաց նա:

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս պահին կդժվարանա հստակ թիվ ասել, թե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող քանի հաշվառված քաղաքացի կա: «Բայց ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կա հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունների դիմելիության աճ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դա պայմանավորված է անձանց կողմից ավելի վստահ, ավելի հեշտ դիմելու հանգամանքով: Բացի այդ, ըստ նրա՝ աճել է նաև հոգնական խնդիրներ ունեցող անձանց թիվը: