Զեստաֆոնում 29-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդը Հայաստանից է ժամանել եւ գտնվել է ինքնամեկուսացման մեջ։ Ախտորոշումից հետո նրան տեղափոխել են Քութայիսի կլինիկա։
Իմերեթի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեի խոսքերով՝ վարակվածի բոլոր շփումները արդեն պարզվել են։
Կորոնավիրուսով վարակված երիտասարդ տղամարդը նախօրեի գիշերն է ընդունվել Քութայիսի հիվանդանոց՝ Զեստաֆոնի հիվանդանոցից։ Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն։ Վարորդը Հայաստանից է Վրաստան ժամանել եւ գտնվել է ինքնամեկուսացման մեջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Մոնիթորինգը անցկացվում է բոլոր վարորդների համար, որոնք երկիր են մտնում եւ այնտեղից դուրս գալիս, նրանք բոլորը գտնվում են հաշվառման մեջ, եւ մենք վերահսկում ենք նրանց ինքնամեկուսացման պայմանները։ Այդ մարդը նույնպես գտնվել է ինքնամեկուսացման մեջ, երբ իրեն վատ է զգացել, որից հետո նա դիմել է բժշկական կենտրոն, այնտեղ նրա մոտ COVID-19 է հաստատվել»,- ասել է Շալամբերիձեն։
Նահանգապետի խոսքերով՝ հեռագնա վարորդի բոլոր շփումները հայտնի են, եւ այդ մարդիկ գտնվում են ինքնամեկուսացման մեջ։
«Նա շփումներ չի ունեցել իր ընտանիքի հետ, մի քանի մարդ է շփվել նրա հետ, երբ նա ժամանաել է Զեստաֆոն, բոլոր այդ մարդիկ նույնականացվել են եւ գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Այնպես որ, շփումներն այնքան էլ շատ չեն, եւ տարածման վտանգ չկա»,- կարծում է նահանգապետը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մայիսի 20-ի դրությամբ հասել է 713-ի։ Մինչ այդ ապաքինվածների թիվը կազմում է 475, 12 պացիենտ մահացել է։ Կարանտինի մեջ է 3519, հիվանդանոցներում՝ 351 մարդ։