ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Շվեդիայում մահացած ՀՀ քաղաքացու գործով հայցն ընդդեմ Շվեդիայի․ փաստաբան


ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Շվեդիայում մահացած ՀՀ քաղաքացու գործով հայցն ընդդեմ Շվեդիայի․ փաստաբան
Մայիս 19 16:56 2020

Եվրադատարանը վարույթ է ընդունել Շվեդիայում մահացած ՀՀ քաղաքացու գործով հայցն ընդդեմ Շվեդիայի։ Այս մասին Tert.am-ին հայտնել է մահացածի փաստաբան Մարկ Սաֆարյանը։

«Շվեդիայի կառավարությունը ներգրավված է պրոցեսի մեջ։ ՄԻԵԴ-ը Շվեդիայի կառավարությանը մինչև նոյեմբեր ժամանակ է տվել հաշտության գալու համար, որը ենթադրում է ֆինանսական փոխհատուցում, որպեսզի գործը կարճվի»,- ասել է փաստաբանը։

Կայէը  հիշեցնում է, որ 2017թ․ Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում՝ շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով:  Դավիթ Բարսեղյանը մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան ընկերների հետ խանութից դուրս գալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը և թույլ չեն տվել նրան հասցնել հիվանդանոց։

Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները  չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի ցուցաբերվել, նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է: Նրա և ընկերների դեմ՝ շվեդական իրավապահ մարմիների գործողությունների դեմ այդպես էլ գործ չի հարուցվել: Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա։

Փաստաբան Մարկ Սաֆարյանը նշել է, որ շատ բացառիկ երևույթ է, որ ընդդեմ Շվեդիայի կառավարության կյանքի իրավունքի և դատական պաշտպանության իրավունքի հոդվածներով գործը Եվրադատարանը  վարույթ ընդունի։ «30 տարում 2-3 նման գործ է Շվեդիայի դեմ վարույթ ընդունվել։ Դա անհավանական է։ Շվեդները միշտ, կոպիտ ասած, կարողացել են տակից դուրս գալ»,- ասել է նա։

Շվեդիայում Դավիթ Բարսեղյանի գործով իրավապահ մարմիների դեմ գործ չհարուցելը, ըստ նրա, խայտառակություն էր․ փաստերը վկայում են, որ նրանք իրենց անգործությամբ սպանել են մարդուն։ «Դա փաստ է։ 400 էջ նախաքննությունն է եղել, փաստեր կան, որ ապացուցում են այդ ամենը։ Պարզապես այստեղի դատախազները եկան այն եզրակացության, որ ոստիկանները չեն հասկացել, որ Դավիթ Բարսեղյանը լավ չի զգում իրեն։ Ինսուլտի փաստը իրենք իբրև թե շփոթել են պասիվ դիմադրության հետ։ Բոլոր հարցերին տարօրինակ բացատրություններ են եղել»,- ասել է փաստաբանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: