Հիտլերի չարության պատճառն իր մանկությունն էր. ինչ ազդեցություն է ունեցել մայրը ֆյուրերի վրա


Հիտլերի չարության պատճառն իր մանկությունն էր. ինչ ազդեցություն է ունեցել մայրը ֆյուրերի վրա
Մայիս 19 19:21 2020

Ժամանակակից սերունդը բազմաթիվ պատմական աղբյուների հասանելիություն ունի, որոնք վկայում են Ադոլֆ Հիտլերի կյանքի մասին։ Սակայն մարդկությանը քիչ բան է հայտնի ֆյուրերի մոր մասին։ Ըստ Ալեքսանդր Քլինգի, ով «10 միֆ Հիտլերի կյանքի մասին» գրքի հեղինակն է, Կլարա Պելցլի կյանքի պատմությունը ցույց է տալիս, թե ինչու է Հիտլերը միշտ խնամքով թաքցրել ընտանիքի մասին տեղեկությունները։

Ադոլֆ Հիտլերի մայրը ծնվել է 1860 թ. Ավստրիական կայսրությունում, բազմազավակ ընտանիքում, որտեղ, բացի նրանից, դաստիարակում էին ևս 10 երեխայի։ Երեխաներից միայն երկուսին է հաջողվել մինչև հասուն տարիք ողջ մնալ։ Քանի որ Կլարայի ծնողները հասարակ գյուղացիներ էին, նա 15 տարեկանում արդեն ստիպված էր աշխատանքի անցնել ունևոր հորեղբոր՝ Ալոիս Հիտլերի մոտ։

Հոեղբայրն ամուսնացած էր հարուստ կնոջ՝ Աննայի հետ, ով հիվանդության պատճառով չէր կարողանում տան գործերն անել և օգնականի կարիք ուներ։ Աննան շուտով մահացավ, իսկ Ալոիսն ամուսնացավ մեկ այլ կնոջ հետ, ով ևս քիչ ժամանակ անց մահացավ։ Ողբերգական իրադարձություններից հետո տարեց հորեղբայրը սկսեց հոգ տանել երիտասարդ Կլարայի մասին։

Չնայած այն բանին, որ հարազատների միջև հարաբերությունները ոչ այլ ինչ են, քան արյունապղծություն, տղամարդը, այնուամենայնիվ, դիմեց եպիսկոպոսական օրդինարիատ՝ իր ու Կլարայի միությունն օրհնելու։

Համաձայն պատմաբան Էրիխ Շաաքի վկայությունների՝ Կլարան չէր ընդդիմանում Ալոիսի՝ իր հետ ամուսնանալու ցանկությանը։ Նա, ընդհակառակը, եկեղեցու ներկայացուցիչներին հայտնել էր, որ ոչ մի կապ չունի ավագ Հիտլերի հետ, քանի որ չգիտի՝ ով է սեփական կենսաբանական հայրը։ Եկեղեցու կողմից մերժում ստանալով՝ Ալոիսն իր դիմումն առավել բարձր ատյաններ ուղարկեց և թույլտվություն ստացավ անմիջապես Հռոմից։

Պելցլն ամուսնացավ Ալոիս Հիտլերի հետ 1885թ. արդեն հղի վիճակում։ Նա շարունակում էր Ալոիսին «հոեղբայր» անվանել։ Նույն տարում լույս աշխարհ եկավ առաջնեկ Գուստավը, այնուհետև ծնվեցին Իդան և Օտտոն, սակայն, ցավոք, բոլորը մահացան մինչև դպրոցական տարիքի հասնելը։ Ավելի ուշ զույգն ունեցավ չորրորդ երեխային, որին անվանեցին Ադոլֆ։

Պատմաբանների և հեղինակների մեծ մասը Կլարային բնութագրել են որպես գեղեցիկ կին, որը լավ մայր էր։ Սակայն հոգեբան Ալիս Միլերը համաձայն չէ նման որակման հետ։ Ըստ նրա՝ Պելցլն է մեղավոր, որ Ադոլֆը հրեշ է դարձել, քանի որ ներել է իր ու երեխաների նկատմամբ ամուսնու կատարած բռնություններն ու ծաղրուծանակը։

Միաժամանակ բոլոր մասնագետները կարծում են, որ Հիտլերն անկեղծ սեր ու կապվածություն էր տածում մոր նկատմամբ։ «Ֆյուրերի կինը» գրքում հեղինակ Օլգա Գրեյգը պատմում է, որ Պելցլի մահը ապագա դիկտատորի համար իրական ողբերգություն էր։ Կլարան մահացել է օնկոլոգիական հիվանդությունից 47 տարեկան հասակում։ Իմանալով մոր ախտորոշման մասին՝ Ադոլֆը փակվել է տանը և խնամել նրան մինչև վերջին պահը։

Հարկ է նշել, որ Հիտլերի մորը բուժող բժիշկը՝ Էդուարդ Բլոխը, հրեական ծագում ուներ։ Բլոխը մեծ հարգանքով էր վերաբերվում Կլարայի որդուն, սակայն բացառված չէ, որ հենց մոր մահն է ֆյուրերի անտիսեմիթիզմի պատճառը դարձել։ Մարլիս Շտայները՝ «Հիտլեր» գրքի հեղինակը, այս վարկածը համարում է ամենահավանականներից մեկը։