Ուզում եմ այսօր մեր ոււշադրությունը կրկին սևեռել կորոնավիրուսի խնդրի վրա, որովհետև ըստ էության, սա մեր բնականոն կյանքին, անվտանգությանը սպառնացող թիվ մեկ սպառնալիքն է շարունակում մնալ: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եկել է ժամանակը, որ մենք բազմակի լրջությամբ վերաբերվենք իրավիճակին: Եթե մենք այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք կորոնավիրուսի 10 000, հունիսի 12-ին՝ 20 000, հունիսի վերջին՝ մոտավորապես 30 000 դեպք՝ հարյուրավոր մահերով, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները: Մենք թվերի շատ կտրուկ աճ ենք ունենում: Մենք բավականին մեծ խնդրի առաջ ենք կանգնած այս պահին, և այդ խնդրի պատճառն այն է, որ մենք բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին»,-ասաց նա՝ նշելով, թե ընդհանուր ինֆորմացիոն հոսքերը երևի բոլորի վրա են ազդում:
«Բայց կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, եռակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք այս իրավիճակին և արձանագրենք, որ երբ գրեթե բոլոր սահմանափակումները վերացված են, պետք է մեզնից յուրաքանչյուրը առանձնահատուկ քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերի՝ այս իրավիճակը հաղթահարելու համար»,-ասաց նա:
Նա նշեց, թե կորնավիրուսը հիմնական դեպքերում ասիմպտոմ է անցնում, բայց եթե այս դինամիկան չկոտրվի, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կագնելու:
Անդրադառնալով դիմակ չկրելու դեպքում սահմանված տուգանքներին՝ վարչապետն ասաց. «Տուգանվելու են բոլորն անխտիր և գանձվելու են գումարները, չասեք՝ սոցիալապես վատ վիճակում ենք. վատ վիճակում եք, կանոնները պահեք, սոցիալական հեռավորություն պահեք: Աշխատանքի հնարավորությունը բացել ենք, որ մարդիկ հնարավորություն ունենան աշխատել և իրենք իրենց առողջության մասին մտածել, հակաճգնաժամային միջոցառումներ ենք իրականացրել և շարունակում ենք իրականացնել»,-ասաց նա:
Փաշինյանը կարևորեց հանրային մեծ միջոցառումների ընթացքում կանոների պահպանումը: «Հիմնականում համայնքներում, բայց նաև Երևանում թաղումները իրականացվում են այնպես, կարծես ոչ մի բան չի պատահել, և մենք դեպքեր ունենք, երբ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ: Փակ տարածքներում դիմակ չկրելու դեպքում կիրառվելու են լուրջ միջոցներ, տուգանքնելու են, գանձելու են տուգանքները, քանի որ սա ազգային անվտանգության հարց է: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե յուրաքանչյուրի վարակման դեպքում ինչ հետևանքներ կարող են լինել»,-ասաց նա:










