Մայիսի 3-ին, ժամը 22:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Հարություն Բ.) ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը: Ավտոմեքենայի գազի բալոնից առաջացել է արտահոսք, որը մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը պարպվել է:
Հարություն Բ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:










