«Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով. արտադրությունն այս պահին կասեցված է

«Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով. արտադրությունն այս պահին կասեցված է
Ապրիլ 4 15:40 2020

«Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է   հայտնաբերվել: Վարակվածը ընկերության մենեջերն է, ով զբաղվել է պատվերների գրանցմամբ:

«Դարոինկ» ՍՊԸ տնօրեն Կարապետ Աֆրիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը հայտնաբերվել է ապրիլի 1-ին, պարզվել է նրա շփումների շրջանակը, եւ մեկուսացվել են աշխատակիցները:

«Այս պահին  արտադրությունը  կասեցված է, դեռ չենք որոշել մեր հետագա գործողությունները, վերլուծում ենք, սպասում ենք իրավիճակը կարգավորվի: Ամեն օր պարտադիր կերպով ախտահանում ենք գործարանը, մեքենաները, մինչեւ այս էլ մենք օրը մի քանի անգամ ջերմաչափում ենք իրականացրել աշխատակիցների շրջանում»,- ասաց նա:

Նրա խոսքով` պարզ չի, թե որտեղ է վարակվել աշխատակիցը, իսկ լուրը, որ աշխատակցի ծնողները նույնպես աշխատում են ձեռնարկությունում, չի համապատասխանում իրականությանը:

«Նրա ծնողները մեզ մոտ չեն աշխատում, այդ լուրը իրականությանը չի համապատասխանում: Ինքն էլ միայն մեկ օր է ջերմություն ունեցել, ու դրանից հետո ոչ մի սիմպտոմ չի ունեցել, բայց գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հավելեց նա:

Կարապետ Աֆրիկյանը նշեց, որ պարետատնից իրենց մոտ ստուգումներ կատարվում են, անընդհատ ախտահանվում է տարածքը, աշխատակիցներն էլ պահպանել են համաճարակի ժամանակ ցուցված կանոնները:

loading...