Այսօր՝ ապրիլի 18-ին, «Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բարձունքին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ ճեպազրույցում ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ կանաչ տարածքները քիչ են:
«Տեսեք՝ որքան քիչ են կանաչ տարածքները»,-նկատեց նա:
Հարցին, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեղքի բաժինն այդ ամենի մեջ կա՞, Զարուհի Փոստանջյանը դրական պատասխան տվեց` նշելով. «Իհարկե: 25 տարի լինելով իշխանության գլխին՝ ամեն ինչի պատասխանատուն են և ամեն ինչում մեղքի բաժինն ունեն:
«Խորհրդանշական համարեք այստեղ ասուլիս տալը», - ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ իր կուսակցության համար ընտրել է «Երկիր ծիրանի» անվանումը, քանի որ դա ամբողջ հայկական բարձրավանդակի անվանումն է, իսկ այն պատկանում է հայ ժողովրդին:
«Մենք՝ բոլորս, հայ ժողովուրդը, երկիր ծիրանիի տերերն ու զավակներն ենք և այդ պատճառով է, որ այստեղ ընտրեցինք մեր առաջին ասուլիսի վայրը», - ամփոփեց Զարուհի Փոստանջյանը: