Դատարանը վարույթ է ընդունել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի


Դատարանը վարույթ է ընդունել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի
Փետրվար 23 13:53 2020

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը վարույթ է ընդունել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի, գրում է «Փաստինֆո»-ն:

«Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ», – նշվում է դատարանի փետրվարի 21-ին որոշման մեջ:

 

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով հերքել «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ…» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն հանդիսացող տվյալները, հոդվածը հեռացնել և պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը:

 

Վիճարկվող հոդվածում ԱԱԾ նախկին տնօրենի հասցեին մեղադրանքներ էր հնչեցվել՝ վարչապետ Փաշինյանի ընտանիքի դեմ վարկաբեկող նյութերի հրապարակումը կազմակերպելու համար։

«Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:

 

Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական: Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները»,- 2019 թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր Վանեցյանը:

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փաստաբանները հերքման պահանջով դիմել են թերթի խմբագրակազմին։ Նշենք, որ հոդվածը եղել է անստորագիր, իսկ գլխավոր խմբագիրը շարունակում է մնալ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Համենայն դեպս՝ այդպես է նշված կայքում։

 

Սահմանված ժամկետում լրատվամիջոցը չի հրապարակել հերքումը, ինչի պատճառով էլ փաստաբանական խումբը հայցադիմում է ներկայացրել դատարան։