Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ

Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ
Հունվար 28 21:20 2020

Ականատեսի խոսքով` խառնաշփոթն առաջացել է Ամման և Երևան չվերթերի ոչ պատշաճ կազմակերպման պատճառով։

Ryanair ավիաընկերության այսօր կայացած Միլան -Երևան չվերթից տուժած ուղևորների թիվը մոտ 5 տասնյակ է, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին տրամադրեց Passenger.am - ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը:

Նրա խոսքով` պատճառն ավիաընկերության ոչ կազմակերպված գործելաոճն է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ryanair ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժել են ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Մոտ 50 ուղևոր մնացել են Միլանում։

«Միաժամանակ 24 և 25 համարի հաշվառման սեղաններն են գործել Ryanair - ի դեպի Ամման և Երևան չվերթերի համար: Քանի որ ոչ մի ինֆորմացիոն ցուցանակ չի եղել, ուղևորներն անկանոն ու խառը կանգնել են», - իրավիճակը ներկայացրեց Ղազարյանը: Ուղևորների շարքում եղել է նաև իրենց ընկերության ներկայացուցիչը։ Հաշվառումը սկսվել է թռիչքից 2 ժամ առաջ, այն իրականացրել է ընդամենը մեկ աշխատակից: Հաշվի առնելով, որ Ամման և Երևան մեկնող ուղևորները «խառնվել են իրար», ինչը ժամանակ է խլել, բացի այդ ուղևորների մեծ թիվը (եղած տվյալներով գրեթե բոլոր տոմսերը վաճառված են եղել), ուղևորների մի մասը չի հասցրել օդանավ նստել:

«Ոմանք հաշվառմանը չեն հասցրել մասնակցել նույնիսկ այն դեպքում, երբ ժամանակից էլ շուտ են եկել, ոմանք էլ հաշվառումն անցել են, սակայն նստեցմանը չեն հասցրել», - նշում է Ղազարյանն ու որպես օրինակ ավելացնում, որ ուղևորներից մեկն օդանավակայան է եկել գիշերը ժամը 2-ին, սակայն մինչև առավոտյան 5-ը դեռ հաշվառված չի եղել (Միլան-Երևան չվերթը պետք է կայանար առավոտյան 6-ին):

Ինչպես Ղազարյանին փոխանցել է օդանավում եղած ընկերության ներկայացուցիչը, օդանավը մոտ 10 րոպե ուշ է թռել, որովհետև ավիաընկերության աշխատակիցներն օդանավից սկսել են դուրս բերել հաշվառումն անցած, բայց նստեցմանը չհասցրած ուղևորների իրերը: Սա հարուցել է ուղևորների զայրույթը, օդանավում աղմուկ է բարձրացել, թե եթե այսքան ժամանակ են աշխատակիցները կորցնում ուղեբեռը դուրս հանելու համար, փոխարենը կարող էին իբրև թե նստեցումից ուշացած ուղևորներին ներս թողնել:

Ղազարյանը կոչ է անում տուժած բոլոր ուղևորներին կապվել իրենց ընկերության հետ:Նա նշում է, որ իրենց իրավաբանական թիմն արդեն հետաքննում է կատարվածը, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ավիաընկերությունը փոխհատուցի իր թերացման պատճառով ուղևորներին պատճառված վնասը: Նշենք, որ ըստ տեղեկությունների Միլան - Երևան չվերթով Հայաստան ուղևորվողների 99 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են եղել:

Ուղևորների խախտված իրավունքների պաշտպանությամբ զբաղվող օնլայն համակարգի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման, այս պարագայում  ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կեցության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը:

loading...