ՊՆ 65-ամյա ծառայողը КамАЗ-ով թիվ 142 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել դպրոցականին, որը հիվանդանոցում մահացել է


ՊՆ 65-ամյա ծառայողը КамАЗ-ով թիվ 142 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել դպրոցականին, որը հիվանդանոցում մահացել է
Հունվար 24 10:56 2020

Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով թիվ 142 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի, գրում է Shamshyan.com-ը։

Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։

Բնակիչներն անգամ սպառնում էին փակել ճանապարհը, սակայն դասակի հրամանատար Մ. Սիմոնյանը իրավիճակի մասին տեղեկացրեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, ով հանձնարարեց, որպեսզի տեղում ուսումնասիրեն խնդիրը և հարցը լուծվի՝ ի շահ բնակչի։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: