Մահվան ելքով վրաերթ Երևանում. 62–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է


Մահվան ելքով վրաերթ Երևանում. 62–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է
Հունվար 23 20:05 2020

Այսօր՝ հունվարի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց 26 շենքի դիմաց Lexus RX350 մակնիշի 13 ԼX 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 62-ամյա Միքայել Սարգսյանը վրաերթի է ենթարկել հետիոտն, 81-ամյա Քնարիկ Ասլանյանին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալա Արման Հակոբյանն ու Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում ծառայություն են կատարում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Ապերյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա եղել է սթափ:

Քիչ առաջ վարորդի ինքնազգացողությունը վատացավ և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները նրան տեղափոխեցին հիվանդանոց: