SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժին ժամը 23։30-ին ահազանգ է ստացվել, որ նշված ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Հրայր Ս-ի, 63-ամյա Սամվել Ս-ի, 31-ամյա Արամ Ս-ի, ինչպես նաև 40-ամյա Հրաչյա Մ-ի, 28-ամյա Արմեն Ս-ի և դեռևս ինքնությունը չպարզված մի քանի անձանց միջև, գրում է shamshyan.com-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ երկուստեք հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ձեռքերով փոխադարձ հարվածներ, իսկ հետո ռեստորանում միմյանց վրա շշեր, բաժակներ ու աթոռներ են շպրտել և այդ ամենը տևել է տևական ժամանակ։ Պարզվել է, որ նշված անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել ռեստորանույմ գտնվող այլ հաճախորդների նկատմամբ, ինչի հետևանքով էլ խաթարվել է ռեստորանային համալիրի աշխատակիցների բնականոն աշխատանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները նշված դեպքին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արամ Ս-ին և Արմեն Ս-ին։
Արդեն բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Հրայր Ս-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ռեստորանային համալիրից «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հրաչյա Մ-ն։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից մի քանիսն աշխատում են «Սան Ֆուդ» ՍՊԸ-ում։










