«Օգնեցինք գերմանացիներին վերանայելու եւ ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը եւ փրկելու իրենց դեմքը»


«Օգնեցինք գերմանացիներին վերանայելու եւ ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը եւ փրկելու իրենց դեմքը»
Հունվար 23 21:28 2020

Երգչուհի Հասմիկ Պապյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Ռուզան Մանթաշյանը “վերահրավիրվեց”մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին: Նա կերգի՝ կատարելով Տատյանայի արիան Չայկովսկու “Եվգենի Օնեգին” օպերայից:
Սա հաղթանա՞կ է, կհարցնեն շատերը: Այո՝ անկասկած:

Բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միեւնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու եւ ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը եւ փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից, ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան “հարեւան” երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը: Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկկարդո Մուտին, կամ Դանիել Բարենբոյմը: Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որն էլ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ եւ դադարել “զառանցել”...

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սատարեցին, Նարինե Աբգարյանին՝ առանձնապես: Ես ոչ մի ճանաչման, հերոսանալու կամ դափնիների կարիք չունեմ, փոխարենը օրեր շարունակ հետեւողական լինելով խնդրի արդարացի հանգուցալուծմանը, ինձ համար հայնաբերեցի՝ մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների:

Սիրելիներ, իմ պատգամը վերաբերում է մասնավորապես երիտասարդներին՝ որտեղ էլ որ լինեք, պահպանեք ձեր ոգու ամրությունը, ամեն գնով պայքարեք հայի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այն ամեն ինչից վեր է...
Հաղթեցինք եւ հաղթելու ենք!