Կատետորը նրա ձեռքից պոկել էին և քրեակատարողական հիմնարկ տեղափոխել․ Մանվել Գրիգորյանի պաշտպան


Կատետորը նրա ձեռքից պոկել էին և քրեակատարողական հիմնարկ տեղափոխել․ Մանվել Գրիգորյանի պաշտպան
Հունվար 22 15:05 2020

Դատարանին անհրաժեշտ չէ կենդանի Մանվել Գրիգորյան, նա նրանց պետք է մահացած վիճակում։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Գրիգորյանն արդեն մի քանի օր է, ինչ առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։

«2019–ի այս օրերին Մանվել Գրիգորյանը գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում և պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները վայրագ ձևով կատետորը նրա ձեռքից պոկեցին  և նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին։ Դրանից հետո Գրիգորյանը տվեց իր համաձայնությունը, որ դիմեն միջազգային ատյաններին»,–ասաց փաստաբանը։

Բաղդասարյանի խոսքով` իր պրակտիկայում հազվադեպ դեպք է, որ 8-9 ամիս անձը քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանա ու հիվանդությունների քանակն ավելանա։

 

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առաղջական վիճակին՝ պաշտպանը նշեց, որ նա շարունակում է մնալ «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Գրիգորյանի վիճակը ծանր է, նա ինքնուրույն չի տեղաշարժվում և շնչում է թթվածնի սարքի օգնությամբ։

«Չի բացառվում, որ առաջիկայում դիմեմ ՀՀ վարչապետին, որ անկախ հանձնաժողով ստեղծվի, որը կքննի Գրիգորյանի դեմ գործով անօրինականությունները»,–ասաց պաշտպանը