19-ամյա մի երիտասարդ դանակով մի քանի անգամ հարվածել է Մեծամոր քաղաքի բնակչին


19-ամյա մի երիտասարդ դանակով մի քանի անգամ հարվածել է Մեծամոր քաղաքի բնակչին
Հունվար 15 15:17 2020

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ հունվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեղեկությունների հիման վրա ձեռնարկված տարաբնույթ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ դեպքը կատարվել է Արմավիրի մարզի Հայկավան գյուղում։

Շուտով հայտնի դարձան նաև մանրամասները։ Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում Արմավիր գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ դանակով մի քանի անգամ խփել էր Մեծամոր քաղաքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին՝ խոստովանելով կատարածը։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է հետաքննություն։