Արտաշատի ոստիկանները բացահայտել են Նորաշենում կատարված դանակահարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արտաշատի ոստիկանները բացահայտել են Նորաշենում կատարված դանակահարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվար 13 16:49 2020

Հունվարի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առջևի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել Նորաշեն գյուղի մի բնակիչ:
Օպերատիվ խումբը հիվանդանոց էր մեկնել, սակայն տուժողն ի վիճակի չէր եղել հաղորդում տալու: Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները Նորաշեն էին մեկնել, ճշտել` դեպքը որտեղ, ինչ հանգամանքներում է եղել: Պարզվել էր, որ ժամը 19-ի սահմաններում, գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի տներից մեկի դիմաց, մեքենան արագ վարելու պատճառով ծագած վեճի ժամանակ տուժողին դանակահարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտված, նույն գյուղի 35-ամյա մի բնակիչ: Սակայն նրան ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը տանը հայտնաբերել չհաջողվեց:
Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ:
Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումները շարունակվեցին, և դեպքից օրեր անց իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ կասկածյալը հայտնաբերվեց:
Հունվարի 11-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայից, քրեական հետախույզները նրան բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին:
35-ամյա տղամարդը ձերբակալված է:
Միջոցառումներ են ձեռնարկվում դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



loading...