Վանաձորում թալանել են տեղի մթերային խանութի տնօրենի տունը. չհրկիզվող պահարանից հափշտակել են խոշոր չափի դրամ, ԱՄՆ դոլար, եվրո ու ոսկյա զարդեր


Վանաձորում թալանել են տեղի մթերային խանութի տնօրենի տունը. չհրկիզվող պահարանից հափշտակել են խոշոր չափի դրամ, ԱՄՆ դոլար, եվրո ու ոսկյա զարդեր
Հունվար 10 00:11 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննաչակն վարչութհունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 8-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել Վանաձոր քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ՝ 51-ամյա Նունե Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ց մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք 3-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբի դուռը արտաքին միջամտությամբ բացելու միջոցով ներս են մտել տուն և ննջասենյակից հափշտակել չհրկիզվող պահարանում պահվող մոտ 2 մլն 500 հազար դրամ, 3300 ԱՄՆ դոլար, 2200 եվրո և տարբեր տեսակի ոսկյա զարդեր։ Այնուհետև գողը կամ գողերը հյուրասենյակի պահարանից հափշտակել են այնտեղ եղած 200 հազար դրամ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը և Լոռու մարզային քննչական վարչության խումբն ու ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Սարգսյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց և մթերային խանութի տնօրեն է։