Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, տուժողի հորից՝ միջնորդի դեր ստանձնած բարձրաստիճան մեկ այլ պաշտոնատար անձի միջոցով, 2007-2009 թվականների ընթացքում, պահանջել և տարբեր մասնաբաժիններով պարբերաբար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն հետագայում ենթադրյալ հանցանք կատարած անձինք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ տուժողի հոր և վերջինիս ազգականի բազմաթիվ պահանջների արդյունքում կաշառքի միջնորդ հանդիսացող անձը, վերադարձրել է որպես կաշառք պահանջված գումարի մի մասը, հրաժարվելով վերադարձնել մնացածը` կաշառք գումարը հասցեատերերին փոխանցված լինելու և գործի դրական լուծման համար վերջիններիս կողմից հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկված լինելու պատճառաբանությամբ:
Պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործով քննչական ենթակայության հարցը լուծելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։