Կոմիտաս-150․ կայացել է Նաիրյան վոկալ անսամբլի մենահամերգը՝ Կահիրեում


Կոմիտաս-150․ կայացել է Նաիրյան վոկալ անսամբլի մենահամերգը՝ Կահիրեում
Նոյեմբեր 19 06:11 2019

Նոյեմբերի 17-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլը Կահիրեի (Եգիպտոս) Հայկական Ընթերցասրահի հրավերով ելույթ է ունեցել Պըլըքտանյան հանդիսասրահում՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին։ 

Համերգի ժամանակ հնչել են Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները, ինչպես նաև հայ դասական այլ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ։ 

 

Անսամբլի համերգին ներկա էին Եգիպտահայ թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Աշոտ Եպս. Մնացականյանը, Եգիպտոսի Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Օգոստինոս Եպս. Գուսանը, ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը և շուրջ 300 հոգի մեր հայրենակիցներ, նրանցից ոմանք Ալեքսանդրիայից հատուկ ժամանել էին Կահիրե՝ լսելու Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները, վայելելու հայ ազգային դասական ստեղծագործությունները։ 

 

Համերգը կազմակերպվել էր Հայկական Ընթերցասրահի ատենապետ Մարտիկ Պալայանի նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայկ Ավագյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների աջակցությամբ։ Համերգի կայացմանն աջակցել է նաև Անրիվա տուր ընկերությունը։ 

 

Հիշեցնենք, որ Նաիրյան վոկալ անսամբլը ձևավորվել է Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում և հիմնական նպատակն է ազգային դասական երաժշտության հանրահռչակումը։ Խումբը կանացի է, երգում է բազմաձայն, ակապելլա ստեղծագործություններ։ 2018 թվականից անսամբլը երգում է՝ երգերը միաժամանակ թարգմանելով նաև ժեստերի լեզվով։ Այս պահին այն միակն է ՀՀ-ում և տարածաշրջանում նույնպես, որ երգում է բազմաձայն, ակապելլա ստեղծագործություններ՝ դրանք միաժամանակ թարգմանելով նաև ժեստերի լեզվով

 

Մուղդուսյան արվեստի կենտրոն