Սուրբ Ղազար կղզին մասամբ հայտնվել է ջրի տակ

Սուրբ Ղազար կղզին մասամբ հայտնվել է ջրի տակ
Նոյեմբեր 14 16:58 2019

Վենետիկում նոյեմբերի 12-ի երեկոյան սկսած մակընթացությունը քամու ուժգնության պատճառով վնասվել Սուրբ Ղազար կղզին։

 

Մխիթարյան միաբանությունից Հայր Համազասպը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Երեքշաբթի, 12 Նոյեմբեր 2019ին, երեկոյեան ժամը 9-էն սկսեալ, մակընթացութեան նախատեսուած բարձրագոյն մակարդակը 40 սմ գերազանցելով, հարաւային ուժգին քամիի պատճառով Վենետիկի լճակի մակարդակը հասաւ 180 սմ։

Այսպիսի իրավիճակ տեղի չէր ունեցած 1966էն ի վեր։ Վենետիկի Ճուտեքքա շրջանի հարաւային քարափները ուժգին ալիքներու հարուածի տակ քանդուած են, նաւեր խորտակուած, աւանդական կոնտոլաները Ս. Մարկոսի հրապարակ հասած ու քաղաքն ամբողջ ջուրով ողողած է։

 

 

Ս. Ղազար կղզին ալ զերծ չմնաց բնութեան այս աղէտէն։ Գետնայայրկի բոլոր սենեակները ողողուեցան լճակի տղմուտ ջուրով, քառանկիւնի խոտածածկը ջուրի տակ սուզուեցաւ։ Սեղանատունը եւս խուժեց ջուրի յորձանքները եւ դժբախտաբար եկեղեցին անգամ լեցուեցաւ կէս մեթր ջուրով, որ հասաւ դաս եւ աւանդատուն, վնասելով որոշ եկեղեցական զգեստներ եւ ձեռագործ զարդարանքներ եւ գորգեր։

Միայն վաղ առաւօտեան անդրադարձանք, որ ամեհի ալիքներու հարուածներուն տակ, ամբողջ հարաւակողմը եզերող պարսպապատը քանդուած էր։ Այս տխուր համայնապատկերը հասաւ իր գագաթնակէտին վանքի ծովախորշին կայնած Արմենիա առագաստանաւի պատճառած վնասները տեսնելով. Առագաստանաւը ալիքներէն քշուած, ցռուկով քանդած էր պարիսպէն հատուած մը մինչեւ լայնքով բարձրանալու քարափին, փլցնելով ետեւի պարիսպը։

 

Մեր բոլոր հայրենակիցներուն եւ բարեկամներուն կ՚ուզենք ապահովցնել, որ վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը եւ դիւանը անվնաս մնացին Ամենասուրբ Կոյսին մայրախնամ հովանիին ներքոյ»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

loading...