Գեղարքունիքի մարզում իրականացվում է «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում» ծրագիրը

Գեղարքունիքի մարզում իրականացվում է «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում» ծրագիրը
Նոյեմբեր 14 16:37 2019

Գեղարքունիքի մարզի 4 խոշորացված համայնքներում՝ Ճամբարակում, Շողակաթում, Գեղամասարում եւ Վարդենիսում, արդեն 6 ամիս է, ինչ իրականացվում է ՄԱԿ-ի «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում» ծրագիրը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում» ծրագրի համակարգող Ռուբինա Դեւրիկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, ընթացքը եւ կես տարվա արդյունքները: «Ծրագիրն առայժմ Գեղարքունիքի մարզում իրականացվում է միայն խոշորացված համայնքներում: Մենք համագործակցում ենք «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաեւ՝ Վարդենիսի, Գեղամասարի, Շողակաթի եւ Ճամբարակի համայնքապետարանների հետ: Համատեղ միջոցառումների արդյունքում մենք ընտրել ենք կարիքավոր կանանց, ովքեր նպաստառու են, սակայն կարող են աշխատանքով ավելացնել իրենց եկամուտները: Այդ նպատակով մենք նրանց հատկացնում ենք արտադրության համար անհրաժեշտ նյութեր ու սարքավորումներ, նաեւ մեր գործընկեր կազմակերպության միջոցով կազմակերպում արտադրանքի իրացումը: Տարբեր ոլորտներում կարիքավոր կանանց մասնագիտացնելու նպատակով կազմակերպում ենք համապատասխան դասընթացներ, ապա մասնագիտական ուսուցումը տեղափոխում աշխատանքային ոլորտ: Խմբերը մասնագիտանում են կարուձեւի, վարսահարդարման, գյուղմթերքների արտադրության եւ այլ ոլորտներում: Ավելի շատ կենտրոնանում ենք տնայնագործական արտադրության կազմակերպման վրա՝ կանանց տրամադրելով բոլոր անհրաժեշտ միջոցները: Ձեր մարզի 4 համայնքից 3-ը ցանկանում են միանալ «Գենդերազգայուն ծրագրի» բյուջետավորմանը, որի դեպքում արդեն այդ ծրագրի ֆինանսավորմամբ շահագրգռված կլինեն միջազգային դոնոր կազմակերպությունները: Մենք ուզում ենք ընդլայնվել եւ ավելի տեսանելի արդյունքների հասնել: Գուցե հետագայում կենտրոնանանք նաեւ չխոշորացված համայքների ուղղությամբ»,- նշեց Ռուբինա Դեւրիկյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը, ողջունելով ծրագրի բովանդակությունն ու ընթացքը, շեշտեց, որ մարզպետարանը ծրագրին կաջակցի բոլոր խնդիրներում, որպեսզի այն ավելի ընդգրկուն ծավալներ ունենա, ապահովի տեսանելի ու բարձր արդյունավետություն: «Ողջունելի է այն քայլը, որ դուք ծրագրի իրականացման համար թիրախ եք ընտրել խոշորացված համայնքները, որոնց բնակիչների զգալի մասը կազմում են Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները, և նրանց ընտանիքները հիմնականում դեռ մնում են անապահով՝ իրենց ողջ ունեցվածքը կորցնելու հետեւանքով: Իմ անմիջական խնդրանքն ու հորդորն է՝ անել հնարավորը, որպեսզի ծրագիրն ունենա առարկայական եւ ուղիղ արդյունք:Մենք նաեւ համատեղ ուժերով պիտի հասնենք նրան, որ շահառուների ընտրության հարցում մինչեւ վերջ պահպանենք սոցիալական արդարության սկզբունքը, ինչը շատ կարեւոր գործոն եմ համարում»,-նշեց մարզպետը:
Ռուբինա Դեւրիկյանի հավաստմամբ՝ 2019 թվականի նոյեմբերի դրությամբ Գեղարքունիքի մարզում «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում» ծրագրից օգտվում են շուրջ 125 շահառու:

 

Խոսրով Խլղաթյան

loading...