Արտակարգ դեպք Երևանում. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության 30-ամյա աշխատակիցը էլեկտրակայանում հոսանքահարվել է


Արտակարգ դեպք Երևանում. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության 30-ամյա աշխատակիցը էլեկտրակայանում հոսանքահարվել է
Օգոստոս 8 18:48 2019

Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Ճառագայթային և Այրվածքների գիտահետազոտական կենտրոնից» ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «լուսաջերմային այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, դեմքի, պարանոցի, աջ վերին վերջույթի, մարմնի 12 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնակամ բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբովյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Օ-ն է, ով հոսանքահարվել է նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Չարենցի փողոցի 38 հասցեում գտնվող էլեկտրակայանում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Օ-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում և ըստ բժիշկների տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։