Աղդամում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը եղել է 3 երկրի զինվորականների հաջող համագործակցության օրինակ՝ հանուն «ադրբեջանական հողերում» խաղաղության. ՌԴ ԳՇ պետի տեղակալ


Աղդամում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը եղել է 3 երկրի զինվորականների հաջող համագործակցության օրինակ՝ հանուն «ադրբեջանական հողերում» խաղաղության. ՌԴ ԳՇ պետի տեղակալ
Ապրիլ 26 14:52 2024

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովն օկուպացված Արցախի Ակնայի շրջանում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման արարողությանը հայտարարել է, որ այդ կենտրոնը երեք տարի շարունակ եղել է երեք երկրի (ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան-Խմբ.) զինվորականների հաջող համագործակցության օրինակ՝ հանուն ադրբեջանական հողերում խաղաղության։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կենտրոնի գործունեության ընթացքում ռուս և թուրք խաղաղապահները ձևավորել են հրադադարի պահպանման մշտադիտարկման հուսալի համակարգ: Ռուս և թուրք խաղաղապահները ամուր հիմքեր են դրել բազմաչարչար այս հողերում խաղաղության համար: Դրված բոլոր խնդիրները լուծվել են Ռուսաստանից և Թուրքիայից գործընկերների կողմից գործնական  և բարեկամական մթնոլորտում», - ասել է Իստրակովն իր ելույթում:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին արվել է հնարավորը տարածաշրջանի խաղաղ և առանց հակամարտությունների զարգացման համար։

«Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և գլոբալ օրակարգի կարևոր հարցերի լուծման ուղղությամբ»,- ասել է Իստրակովը։

Նա ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի անունից երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականներին, որոնք «արժանիորեն կատարել են իրենց մարտական պարտքը՝ հանուն ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության»:

Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։

Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մասին: