Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենն ու Զ. Մնացականյանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր


Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենն ու Զ. Մնացականյանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր
Հոկտեմբեր 18 19:30 2018

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին։

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել այն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ որպես Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենքի՝ նախարար Մնացականյանն արձանագրել է, որ այն նաև կարևոր գործիք է Հայաստանում ընթացող  բարեփոխումները խրախուսելու համար: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր առաջնահերթությունն է ՀԸԳՀ-ի արդյունավետ և գործնական կիրարկման ուղղությամբ կառավարության ռեսուրսների մոբիլիզացումը: Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը:

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համատեքստում՝ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունն ազատ և արդար ընտրական գործընթաց ապահովելու ուղղությամբ՝ միաժամանակ կարևորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների և, մասնավորապես, Եվրոպական միության աջակցությունը: 

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում համագործակցության հեռանկարները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Թոմաս Մայր-Հարթինգը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյանը Թոմաս Մայր-Հարթինգին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնահերթությունները: Երկուստեք ընդգծվել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։



loading...