Ուգանդայում բնակվող 40-ամյա կինը 44 երեխա է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)


Ուգանդայում բնակվող 40-ամյա կինը 44 երեխա է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)
Հոկտեմբեր 18 10:22 2018

Oddity Central-ը ներկայացրել է Ուգանդայում բնակվող 40-ամյա կնոջ պատմությունը, որն իր հայրենիքում հայտնի է որպես երկրի ամենապտղաբեր կին, որը 44 երեխա է լույս աշխարհ բերել:

Մարիամ Նաբաթանզին, ով իր կյանքի 18 տարին հղի է եղել, 6 անգամ երկվորյակ է ունեցել, 4 անգամ եռյակ, 3 անգամ քառյակ, մյուս անգամները մեկական երեխա է լույս աշխարհ բերել: Նրանցից այժմ 38-ն են ողջ, որոնց մեծամասնությունը դեռ մայրիկի հետ է ապրում:

Ինչպես աղբյուրը պարզել է, կնոջ կյանքը հեշտ չի եղել դեռ մանկուց: Նա ամուսնացել է 12 տարեկանում իրենից 28 տարով մեծ տղամարդու հետ: Ամուսնությունը նրա համար խորթ մոր տանջանքներից փրկվելու միջոց էր, սակայն ամուսինը նույնպես տանջել է կնոջը՝ ֆիզիկական բռնության ենթարկելով նրան:

Նաբաթանզին առաջին ագամ ծննդաբերել է 13 տարեկանում՝ երկվորյակներ ունենալով: 23 տարեկանում նա արդեն 25 երեխա ուներ: Նրա համար շատ երեխաներ ունենալը սովորական էր, քանի որ իր հայրն էլ 45 երեխա ուներ տարբեր կանանցից:

Բժիշկներն, իրենց հերթին, ասել էին Նաբաթանզիին, որ ցանկացած բժշկական միջամտություն նրա պտղաբերությանը կարող է վտանգավոր լինել իր կյանքի համար:

Այժմ նա միայնակ է մեծացնում իր երեխաներին: Ամուսինը տարին մեկ անգամ է տուն գալիս և նույնիսկ չի հիշում երեխաների անունները: Կնոջ խոսքով՝ ինքն օրական 10 կգ ալյուր է գնում, 4 կգ շաքարավազ և 3 կտոր օճառ: Նրա մասին պատմության հրապարակումից հետո անցյալ ապրիլին դրամահավաք է իրականացվել GoFundMe հարթակում, և նրան հաջողվել է 10 000 դոլար գումար ստանալ մեկ ամսում: