Արտաշես Թումանյանի հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչիի հետ


Արտաշես Թումանյանի հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչիի հետ
Հունիս 18 20:45 2018

Հունիսի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ, միջուկային հիմնահարցի շուրջ ԻԻՀ հիմնական բանակցող Աբաս Արաղչիի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ ՀՀ նոր կառավարության կողմից արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները պահպանվում են, քայլեր են ձեռնարկվում դրանց արդյունավետության բարձրացման համար: Դեսպանը հավելեց, որ , և հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն առանձնահատուկ կարևորություն:

 

Իր հերթին նախարարի տեղակալը, գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության դիրքորոշման կապակցությամբ, ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները խարսխված են իրանցի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Աբաս Արաղչիի խնդրանքով՝ Արտաշես Թումանյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը՝ բարձր գնահատելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այս հարցում: Ի պատասխան, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Դեսպան Թումանյանն անդրադարձավ Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին, ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ համագործակցության, գործող առևտրային ռեժիմների, բանկային համակարգի ընձեռած հնարավորություններին: Այս համատեքստում զրուցակիցները քննարկեցին ներդրումային ծրագրերի իրականացման, երկկողմ գործարար կապերի խորացման հեռանկարները:

Համընդհանուր գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնագրի առնչությամբ նախարարի տեղակալ Արաղչին, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, նշեց, որ Իրանը Հայաստանի հետ համագործակցությունը, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը համարում է խիստ կարևոր իրադարձությունների ցանկացած ընթացքի դեպքում: