Զբոսաշրջիկները ակտիվորեն մասնակցում են բողոքի ակցիաներին.armeniasputnik


Զբոսաշրջիկները ակտիվորեն մասնակցում են բողոքի ակցիաներին.armeniasputnik
Ապրիլ 26 22:30 2018

Հայաստանում ցույցերը պատճառ չեն, որպեսզի ճանապարհորդները, զբոսաշրջիկները հրաժարվեն երկիր այցելել։ Համենայն դեպս, այդպես են կարծում շատ զբոսաշրջիկներ, որոնք Հայաստան են այցելել և հայտնվել իրադարձությունների կիզակետում։ Ցուցարարների ամբոխների շարքում (անհնազանդության ակցիաների մասնակիցների ևս) կարելի է տեսնել ռուսների, ֆրանսիացիների, գերմանացիների և այլ ազգությունների ներկայացուցիչների։

 

 

Նրանցից շատերը լուսանկարներ, տեսանյութեր են նկարում և տեղադրում սոցիալական ցանցերում։ Զբոսաշրջիկների անվախ դեմքերը նույնիսկ բազմահազարանոց բազմության մեջ աչքի են ընկնում։

 

«Վախենալու չէր։ Ուղղակի խնդրահարույց էր, երբ փողոցները փակում էին։ Դա որոշակի անհարմարություններ է առաջացրել», — ասաց Յուլյան, որը Մոսկվայից եկել էր Երևան։

 

Զբոսաշրջիկների մյուս խումբը մեկ շաբաթով էր ժամանել Հայաստան և հեռացել երկրից ցույցերի առաջին օրերին։

 

«Ես ընկերուհիներիս հետ զբոսնում էի կենտրոնում, երբ ամեն ինչ նոր էր սկսվում։ Մենք չէինք հասկանում և չգիտեինք, թե ինչ է տեղի ունենում։ Բայց մեզ թվում էր, որ շաբաթ երեկոյան համերգ է սկսվելու», — ասաց Յուլյան։

 

Ճանապարհորդներն անցել են ամբոխի միջով և հասել մինչև Կասկադ, բայց, ինչպես նշեց Յուլյան, անհանգստացել են, որ ժողովուրդը լարված է։

 

Արդեն հաջորդ օրը Մոսկվա գնալուց հետո մեր զրուցակիցն իմացել է, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Յուլյան հույս ունի, որ շուտով ամեն ինչ կավարտվի, և նա կկարողանա վերադառնալ։

 

Զբոսաշրջային գործակալությունները հետևում են իրադարձությունների զարգացմանը և խաչում մատները։ «Սպուտնիկ» զբոսաշրջային ընկերությունում ասացին, որ բողոքի ակցիաները բացասական են ազդում զբոսաշրջային բիզնեսի վրա։

 

Ընկերության ներկայացուցիչ Մերի Թովմասյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երբ Հայաստանում տաք է, զբոսաշրջիկների հոսքն ավելանում է։ Ռուս զբոսաշրջիկների մեծամասնությունը վերջին տարիներին է բացահայտել զբոսաշրջային Հայաստանը։

 

«Հիմա լավ եղանակ է և, թվում է, զբոսաշրջիկների մեծ հոսք պետք է լիներ, սակայն ներքաղաքական իրավիճակը և բողոքի ակցիաներն ազդել են զբոսաշրջային բիզնեսի վրա։ Մենք մեծ կորուստներ ենք ունեցել` կապված դրա հետ։ Որոշ ճանապարհորդներ խնդրում են փոխել ուղևորության ամսաթվերը։ Ուրախացնում է այն, որ նրանք չեն չեղարկում ճամփորդությունը, այլ տեղափոխում են օրը», — նշեց Թովմասյանը։

 

 

 

Բայց կան նաև լավ նորություններ` ընկերությունում արդեն հայտեր են ստացել զբոսաշրջիկներից, որոնք կժամանեն ապրիլի 28-ին։ Մեր զրուցակիցը նշեց, որ զբոսաշրջային գործակալություններն իսկապես խաչում են մատները, որպեսզի ամեն ինչ լավ լինի, և բողոքի ակցիաները չվախեցնեն զբոսաշրջիկներին։

 

Մյուս զբոսաշրջային ընկերություններում նշեցին, որ առայժմ ոչ ոք չեղյալ չի հայտարարել ուղևորությունը, զբոսաշրջիկները բարեբախտաբար ժամանում են և գոհ են հեռանում։

 

Sputnik Արմենիայի խնդրանքով Ռուսաստանի Զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայում նույնպես մեկնաբանեցին ստեղծված իրավիճակը։ Ասոցիացիայի ներկայացուցիչները նշեցին, որ որոշ ընկերություններ ահազանգում են` վաճառքները դադարել են, սակայն ոչ ոք ճանապարհորդությունը չի չեղարկել։