Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը
Մարտ 13 20:11 2018

Ադրբեջանը մարտի 12-ին սկսած զորավարժություններին ներգրավված ռազմական միավորների թվով ակնհայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթուղթը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը բացահայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը (ռազմական որոշակի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ նախնական ծանուցում)՝ դրանցում ներգրավված զինծառայողների և ռազմական տեխնիկայի թվի առնչությամբ»,- գրել է Բալայանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով մարտի 12-17-ն Ադրբեջանում զորավարժություններ կանցկացվեն: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե զորավարժություններին մասնակցում են 25 հազար զինծառայող, շուրջ 250 տանկ և այլ զրահապատ մեքենաներ, 1000 հրետանային միջոցներ և այլ զրահատեխնիկա:

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են.

ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը,
ամենաքիչը 250 մարտական տանկ,
ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա,
ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):