Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում

Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում
Փետրվար 17 22:03 2018

Ճապոնիայի նախարարների կաբինետը փետրվարի 16-ին հաստատել է մի ծրագիր, որը կոչված է երկրի բնակիչներին հնարավորություն տալ ցանկության դեպքում կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում:

Փաստաթղթում առաջարկված միջոցառումները նախատեսվում է օրենսդրորեն հաստատել 2020 ֆինանսական տարում, որպեսզի ինչ-որ չափով կասեցվի աշխատող ձեռքերի աճող անբավարարությունը Ճապոնիայում: Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը:

«Մեզ հարկավոր է կառուցել այնպիսի հասարակություն, որում ցանկության եւ ֆիզիկական հնարավորությունների առկայության դեպքում կարողանան աշխատել եւ ակտիվ կենսակերպ վարել բոլոր սերունդների մարդիկ»,-այդ կապակցությամբ կառավարության նիստում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Այժմ երկրում քաղաքացիներին կենսաթոշակ է վճարվում 65 տարին լրանալուց հետո, սակայն նրանք իրավունք ունեն ցանկացած պահի ազատորեն կենսաթոշակի անցնել 60-ից մինչեւ 70 տարեկան հասակում: Մինչեւ 65 տարեկանը կենսաթոշակի անցնել ցանկացողին այն վճարվում է փոքր-ինչ կրճատված ծավալով, իսկ 65-ից հետո կենսաթոշակի անցնելու համար նախատեսված է հավելավճար:

Իսկ այժմ կառավարությունը մտադիր է թույլատրել կենսաթոշակի անցնել նաեւ 70-ն անց տարիքում՝ համապատասխաբար էլ ավելի բարձր հավելավճարով: Ծրագիրը նաեւ արտոնություններ է նախատեսում մասնավոր այն ընկերությունների համար, որոնք պայմաններ են ստեղծում 65-ից բարձր տարիքի մարդկանց վարձելու համար:

Իշխանությունները ելնում են այն բանից, որ Ճապոնիայում տարեցները հաճախ աչքի են ընկնում առույգությամբ եւ նախանձելի առողջությամբ: Առողջապահության մարմինների պաշտոնական տվյալների համաձայն, երկրում տղամարդիկ աշխատելու լիակատար ընդունակությունը պահպանում են միջինը մինչեւ 71 տարեկանը, իսկ կանայք մինչեւ 74 տարեկանը: Կառավարությունը տարեց ճապոնացիներին դիտում է որպես կարեւորագույն աշխատանքային ռեզերվ:

2016 թվականի վերջի դրությամբ Ճապոնիայի 65-ից բարձր տարիքի բնակիչների թիվը հասել է 33,46 միլիոնի՝ բնակչության 26,7 տոկոսին: Ծերացումը եւ ժողովրդագրական անկումը համարվում է երկրի ամենասուր սոցիալական խնդիրներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

loading...