ՀԱԷԿ-ում քննարկել են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը

ՀԱԷԿ-ում քննարկել են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
Հունիս 13 12:02 2017

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են նաեւ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի ղեկավարությամբ։

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների հետ կապված հարցերը։

«Ռուսատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը ներկայացրել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրով 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում կատարվելիք միջոցառումների ընթացքը, առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները։ Արձանագրվել է, որ այս պահին նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։

Անդրադարձ է կատարվել նաեւ առաջիկա երկու տարիներին պլանավորված միջոցառումներին։

Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը եւ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շրջել են ատոմակայանում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին։

Հիշեցնենք, որ հերթական պլանային նորոգման եւ վերալիցքավորման նպատակով մայիսի 10-ից ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից։ Պլանային աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաեւ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումները։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 10-ին։