Պետք է հասկանանք, թե որտեղից ենք գալիս. Վիգեն Սարգսյան


Պետք է հասկանանք, թե որտեղից ենք գալիս. Վիգեն Սարգսյան
Փետրվար 23 15:42 2017

Ազգային գաղափարախոսություն հորինել պետք չի, ոչ էլ վախենալ այդ գաղափարախոսությունից: Այս մասին փետրվարի 23-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան:

Հարցին, թե արդյոք հայերին պետք է ազգային գաղափարախոսություն, նա պատասխանել է. «Մեր իմաստությունը պետք է լինի ոչ թե ազգային գաղափարախոսություն հորինելու, այլ մեր անցած պատմության մեջ այդ ճշմարտությունը գտնելու: Նժդեհը երկար տասնամյակներ գրեթե մոռացված էր: Ունենք Նարեկացի, որն աշխարհի մակարդակով ճանաչվում է որպես հոգեւոր գաղափարախոսության առանցք, նրանք տիրեզերական վարդապետ է հռչակել կաթոլիկ եկեղեցին:

Ազգային գաղափարախոսություն հորինել պետք չի, ոչ էլ վախենալ այդ գաղափարախոսությունից: Շատ ժամանակ ասվում է, որ ազգային գաղափարախոսությունը բնորոշ է փակ, տոտալիտար երկրներին: Որոշ առումով դա այդպես է, եթե ազգային գաղափարախոսությունն ընդունենք որպես խմբով քայլելու միջոց, բայց եթե դա աշխարհընկալման հիմք է, եթե դա ներքին կոդերի թույլատրելիի եւ անթույլատրելիի սահմանագիծ է, ուրեմն ազգային գաղափարախոսությունն առաջին քրիստոնեական երկրին անհրաժեշտ է: Նոր բան մենք հազիվ թե հորինենք, պարզապես պետք է հասկանանք, թե որտեղից ենք գալիս»: