Կոռուպցիոն սխեմաներում ներգրավվող պաշտոնատար անձինք կորցնելու են հանգիստը. գլխավոր դատախազ


Կոռուպցիոն սխեմաներում ներգրավվող պաշտոնատար անձինք կորցնելու են հանգիստը. գլխավոր դատախազ
Դեկտեմբեր 7 23:32 2017

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունում փոփոխությունների, վերահսկող մեխանիզմների, քաղաքական կամքի, երկրում տեղի ունեցող հանցագործությունների ու ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման, զինված խմբերի դատավարությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է, Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

- Պարո՛ն Դավթյան, 2018 թվականին, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր սահմանադրությունը, ի՞նչ է փոխվելու Դատախազությունում, թե՞ Դատախազության գործառույթում ու կառուցվածքում որևէ փոփոխություն չի նախատեսվում:

- «Դատախազության մասին» նոր օրենքն իսկապես փոփոխություններ նախատեսել է, հակառակ դեպքում նոր օրենք ընդունելու իմաստը չէր լինի: Դրանք հիմնականում պայմանավորված են բարեփոխված Սահմանադրությամբ պետական մարմինների ձևավորման և գործունեության հիմքում ընկած անկախության և գործառութային տարանջատման սկզբունքների կենսագործման հրամայականով: Նշեմ փոփոխություններից թերևս ամենակարևորները: Նախ՝ սահմանվել է Գլխավոր դատախազի ընտրության այնպիսի մեխանիզմ, որն իշխանության թևերից, քաղաքական կոնյուկտուրայից, նրա գործառույթային անկախության ավելի բարձր երաշխիքներ է ապահովում: Գլխավոր դատախազին Ազգային ժողովն ընտրում է նրա իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ պաշտոնանկ է արվում ԱԺ խմբակցության առաջարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սա հնարավորություն է ստեղծում դատախազին, վայելելով Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը, գործել ավելի անկախ, բայց նաև գիտակցել, որ իր կողմից օրենքի ցանկացած խախտման դեպքում Ազգային ժողովի նույնիսկ ամենափոքր խմբակցությունն առնվազն կարող է քննարկման առարկա դարձնել իր պաշտոնանկության հարցը:

Սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների նշանակման նոր ընթացակարգ՝ նշանակման իրավասությունը վերապահելով Գլխավոր դատախազին, ինչը վերջինիս պատասխանատվության աստիճանն առավել բարձրացնող գործոն է:

Բացի դրանից`ամբողջությամբ վերանայվել է դատախազների նշանակման և ծառայողական առաջխաղացման կարգը: Այն դարձել է ավելի կանխատեսելի: Դատախազ դառնալու հավակնություն ունեցող անձանց և գործող դատախազներին իրավունք է վերապահվում բողոքարկելու իրենց վերաբերյալ կայացված որոշումները: Դատախազների վարքագծի կանոնները բարձրացվել են օրենքի մակարդակի: Այսինքն՝ կարևորվել է դատախազի կողմից ինչպես աշխատանքային հարաբերություններում, այնպես էլ՝ դրանից դուրս, իր կոչմանը հարիր վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը: Սա, իհարկե, արված փոփոխությունների միայն մի մասն է:

-Մեկ տարի առաջվա Ձեր խոսքով՝ Հայաստանում անպատժելի մարդիկ չկան և չեն լինի: Պաշտոնական բոլոր մակարդակներում ևս խոսվում է, թե անպատժելի մարդիկ ու չբացահայտվող հանցագործություններ չկան: Ըստ Ձեզ` հասարակության շրջանում վստահության ինչ աստիճան կա այդ հայտարարությունների վերաբերյալ: Խոսում ենք անպատժելի մարդկանց չլինելու մասին, բայց մինչ օրս ամենաբարձր պաշտոնյան, որ ամբաստանյալ է, պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանն է: Բարեխի՞ղճ են պաշտոնյաները, խախտումներ չե՞ն անում:Օրինակ` հարևան Վրաստանում պարբերաբար բարձրաստիճան պաշտոնյաներ են դատապարտվում, ըստ որում` վարչապետի մակարդակով, իսկ նախկին նախագահի դեմ ևս մեղադրանք կա:

-Ես հայտարարել եմ ու հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանում անպատժելի մարդիկ չեն կարող լինել: Ես վերահաստատում եմ իմ նախկինում արած այն պնդումը, որ կոռուպցիոն սխեմաներում երբևէ ներգրավվող պաշտոնատար անձինք կորցնելու են հանգիստը: Դրա ապացույցն այն է, որ 2017թ. առաջին 9 ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ, և քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 անձանց նկատմամբ: Հրապարակված տվյալները հավաստում են, որ անցել են Հայաստանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անձեռնմխելիության մասին պնդումների ժամանակները: Մեր խնդիրը կատարվող աշխատանքի մասին հանրային համակողմանի իրազեկումն է, կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների անկեղծ շահագրգռության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Իմ խորին համոզմամբ` հատկապես հանրային մասնագիտական շրջանակները չպետք է իրենց իսկ կողմից նկատելի արդյունքների, նախաձեռնությունների, իրականացվող բարեփոխումների հանդեպ կանխակալ բացասական կարծիք ձևավորեն՝ նախքան համոզվելը՝ որքանո՞վ են դրանք իրագործվում: Եթե անկախ ամեն ինչից անդադար անվստահություն պետք է ներշնչվի հասարակությանը, իհարկե, վերջինիս ընկալումները շարունակելու են մնալ ցածր մակարդակի:

Ինչ վերաբերում է հարևան երկրների հետ ձեր արած համեմատությանը, ապա բացարձակապես այն կարծիքին չեմ, որ զուտ համադրելի ցուցանիշներ ապահովելու համար պետք է արհեստական գործընթացներ հարուցել: Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը հետապնդվի առանց իր մեղքը հիմնավորող բավարար ապացույցների: Նման համեմատությունները տեղին չեն, հատկապես, երբ հարևան երկրներից բերվող օրինակներն այդքան էլ միանշանակ չեն: Օրինակ՝ այդ նույն երկրներում մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ հարուցվել են քրեական հետապնդումներ, մի քանիսը դատապարտվել են, բայց վերջիններից ոմանց գործերով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Կոնվենցիայի խախտումներ է արձանագրել: Արդյոք սա՞ պետք է վերցնենք` որպես օրինակելի փորձ:


-Վենդետաներ, կրակոցներ, սպանություններ, այս դեպքերը հաճախակի չե՞ն։ Օրինակ` կա՞ն համեմատականներ, թե նույն բնակչության շնչի հաշվով այլ երկրներում և Հայաստանում ինչ վիճակագրություն կա: Կա՞ն գործեր, որտեղ քննության առարկա դառնալու ընթացքում պարզվել է, որ այդտեղ վենդետայի տարր կա:

-Զանգվածային լրատվության միջոցներով սպանությունների աննախադեպ ծավալով հանրայնացումն առաջին հայացքից կարող է թյուր տպավորություն ստեղծել, որ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների տեսակարար կշիռը հանցավորության ընդհանուր զանգվածում ավելացել է։ Մինչդեռ դինամիկան ցույց է տալիս, որ այս հանցատեսակի մակարդակը վերջին քսան տարիներին կայուն անկում է ապրում։ Եթե 1995-1998թթ․ գրանցվել է սպանության միջինը 105 դեպք, 2001-2004թթ․՝ 77 դեպք, ապա 2016թ․-ին գրանցվել է սպանության 66 դեպք: Իսկ ահա 2017թ․-ի տասնմեկ ամիսների կտրվածքով ունենք սպանության դեպքերի կտրուկ նվազում. արձանագրվել է սպանության 48 դեպք։ Բնական է, որ նման միտումների պայմաններում նվազել է նաև վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների թիվը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչության շնչին ընկնող սպանությունների թիվը ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների համեմատությամբ բավական ցածր է։ 2013 թվականին ՄԱԿ-ի՝ դիտավորյալ սպանությունների գլոբալ հետազոտության արդյունքներով Հայաստանը դիտավորյալ սպանությունների թվով 219 պետությունների շարքում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը՝ հետևում թողնելով մեր անմիջական հարևաններին, ԱՊՀ գրեթե բոլոր և եվրոպական բազմաթիվ պետությունների։ Նախորդ տարվա տվյալներով սպանությունների առումով 100 հազար բնակչին բաժին է ընկնում 3,4 դեպք: Այս ցուցանիշով Հայաստանն ավելի լավ արդյունքներ ունի, քան Ղազախստանը, որտեղ այդ ցուցանիշը 4.8 է, Ռուսաստանը՝ 7.2, Ուկրաինան՝ 4.2, և այլն:

Նման ցուցանիշները ես պայմանավորում եմ այս հանցագործության դեմ անզիջում, հետևողական պայքարով և համոզված եմ, որ սպանությունների և, մասնավորապես, վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների դեմ պայքարի գրավականը հանցագործության համար պատասխանատվության և համաչափ պատժի անխուսափելիության ապահովումն է։

Ասածս չի նշանակում, թե իրավիճակը համարում եմ լիովին բավարարող: Իհարկե, ունենք առավել արդյունավետ գործելու, կադրային ռեսուրսների կարողությունները կատարելագործելու, մեր աշխատանքը գիտատեխնիկական ժամանակակից հնարավորություններով հագեցնելու և այլ խնդիրներ: Դրանց օպտիմալ լուծումներ գտնելուն են նաև ուղղված մեր ամենօրյա ջանքերը:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում