Գյուղացուն հնարավորություն ենք տալու արժանավայել աշխատանքով պահել իր տունը. Վարչապետ


Գյուղացուն հնարավորություն ենք տալու արժանավայել աշխատանքով պահել իր տունը. Վարչապետ
Սեպտեմբեր 9 11:03 2017

Գյուղատնտեսությամբ զբաղվելը մեր երկրում պետք է գրավիչ դառնա եւ գյուղացուն հնարավորություն տա արժանավայել պահել իր տունը: Այս մասին սեպտեմբերի 8-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նախ անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառին եւ անբավարար գնահատել մարզում 2 տոկոսի աճ ապահովելու թիրախը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, մթերումների կազմակերպման, գյուղտեխնիկայի համալրման ուղղությամբ կառավարության սուբսիդավորվող վարկային ծրագրերը միտված են արդյունավետության բարձրացմանն ու ինտենսիվության ապահովմանը:

Մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն նշել է, որ Արագածոտնում նշված ուղղություններով իրականացվում են տարբեր ծրագրեր՝ վստահեցնելով, որ դրանք կնպաստեն աճի ավելի բարձր տեմպերի ապահովմանը: Որպես արդյունավետության օրինակ՝ նշվել է, որ վերջերս մարզում հիմնվել է 33 հեկտար ինտենսիվ այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Արդյունքում, այգու սեփականատերը մեկ տարվա ընթացքում վճարել է ընդամենը 100 հազար դրամ ջրի վարձ: Նույն տարածքով այգու ջրի վարձը, ըստ մասնագետների, տարեկան սովորաբար կազմում է 3,3 մլն դրամ:

Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը ողջունել է կառավարության նշված ծրագրերի իրականացումը եւ վստահեցրել, որ դրանցով հետաքրքրվողների թիվը գնալով ավելանում է:

Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է. «Գյուղատնտեսությամբ զբաղվելը մեր երկրում պետք է գրավիչ դառնա: Վստահ եմ, որ այս ծրագրերով մեր գյուղացուն հնարավորություն ենք տալու արժանավայել աշխատանքով պահել իր տունը: Գյուղատնտեսության զարգացումը մեզ համար գերխնդիր է»:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել մարզի համայնքների սեփական եկամուտների աճի տեմպերից, միաժամանակ շեշտել, որ համայքների միջեւ համեմատականը ցույց է տվել կարգապահության բարձրացման խնդրի առկայություն: «Ֆինանսական առումով մարզի ցուցանիշներն ու աճի տեմպերը գոհացուցիչ են: Ուրախալի է նաեւ, որ ոլորտի պատասխանատուները գիտեն յուրաքանչյուր համայնքի ուժեղ եւ թույլ կողմերը, ինչը կնպաստի ֆինանսական կարգապահության ապահովմանը», - ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը տպավորիչ է համարել նաեւ մարզում աղբահանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զեկուցվել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման ուղղությամբ: 2017թ.-ի ընթացքում նախատեսվում է ֆիզիկական անձանց մասով աղբահանության հավաքագրումները նախորդ տարվա 50 մլն դրամի փոխարեն հասցնել 150 միլիոնի, իսկ իրավաբանական անձանց մասով՝ ներկայիս 19-ի փոխարեն 59 մլն դրամի: «Այս պարագայում վստահ եղեք, որ ձեր սեփական եկամուտները բավարար են լինելու սանմաքարման գործընթացը լավագույնս կազմակերպելու համար, իսկ պետական դոտացիաները կկարողանաք ուղղել այլ ծրագրերի իրականացմանը», - ասել է վարչապետը: