Ոստիկանությունը պարզել է Բարսելոնայում ահաբեկչություն գործած վարորդի ինքնությունը


Ոստիկանությունը պարզել է Բարսելոնայում ահաբեկչություն գործած վարորդի ինքնությունը
Օգոստոս 21 12:41 2017

Կատալոնիայի ոստիկանությունը պարզել է վարորդի ինքնությունը, ով Բարսելոնայի կենտրոնում արագության տակ մխրճվել էր հետիոտների մեջ, ինչի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել: Այդ մասին իրավապահները հայտնել են Twitter-ի պաշտոնական էջում, հայտնում է BBC-ն:

«Պարզվել է Բարսելոնայում հարձակում իրականացրած ֆուրգոնի վարորդի ինքնությունը»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ոստիկանությունը, սակայն, չի նշել վարորդի անունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ անցորդներին վրաերթի է ենթարկվել ենթադրաբար 22-ամյա մարոկկացի Յունես Աբույաքուբը:

Միևնույն ժամանակ, Կատալոնիայի ներքին գործերի նախարար Խոակիմ Ֆորնը հայտնել է տեղի ռադիոկայաններից մեկին, որ «ամեն ինչ վկայում է այն մասին, որ վարորդը Յունես Աբույաքուբն է եղել»:

Նա 12 անդամից բաղկացած իսլամիստական ծայրահեղական խմբի վերջին անդամն էր, ում գտնվելու վայրը ոստիկանությանը դեռ չի հաջողվել պարզել:

Իշխանությունների հաղորդմամբ՝ չի բացառվում, որ նա անցել է Ֆրանսիայի սահմանը:

Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու:

Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով: