Ընթացիկ վեց ամսում ՀՀ-ից 8 700 մարդ գնացել և չի վերադարձել


Ընթացիկ վեց ամսում ՀՀ-ից 8 700 մարդ  գնացել և չի վերադարձել
Հուլիս 31 13:14 2017

ՀՀ-ում բնակչության թիվը շարունակում է նվազել: Մշտական բնակչության թվաքականը հուլիսի մեկի դրությամբ կազմել է 2 979 900, որը հունվարի համեմատ 6200-ով նվազել է: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշները՝ նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ըստ նրա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 15 200-ով:

Կարինե Կույումջյանի խոսքով՝  գնալով մահացության թվերը աճում են, ծնելիությունը նվազում է, իսկ միգրացիայի մնացորդը՝ մեծանում է: Ըստ նրա՝ միգրացիայի մնացորդը կազմել է 8 700 մարդ, այսինքն՝ այսքան քաղաքացիներ առաջին կիսամյակում ՀՀ-ից մեկնել և չեն վերադարձել: Նրանցից 1440-ը հաշվառումից դուրս են եկել: Ծնունդների և մահերի տարբերությունը, որը ներկայացնում է բնական հավելաճը, նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2 460 դեպքով:

Հունվար-հունիսին ծնունդների թիվը կազմել է 17 169 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 7%-ով նվազել է: «2,1 տոկոսով ավելացել են մահվան դեպքերը՝ 14 709 դեպք, նախորդ տարվա 14 403 դեպքի համեմատ, և այս արդյունքում ծնունդների և մահերի տարբերությամբ ձևավորվել է բնական հավելաճ՝ 2460 մարդ, 2016-ի 3990-ի համեմատ, այսինքն՝ այստեղ ևս նվազում ունենք՝ շուրջ 38,3%»,-ով նշեց նա: