ԿԳՆ-ն հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննությանը


ԿԳՆ-ն հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննությանը
Հունիս 23 13:21 2017

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը անդրադարձել է Իսրայելի պետության կողմից Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը չերաշխավորելու մասին հայտարարությանը:

«Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած այն փաստը, որ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաև ողջ պետության միջազգային հեղինակության վրա, խնդրում ենք Ձեր միջնորդությունը`Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ», - ասված է ԿԳՆ հաղորդագրության մեջ:

Հայտնում են նաև, որ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննության անցկացմանը: