Առինջ գյուղում դիակի տեղը մատնացույց արած տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել աղջկան


Առինջ գյուղում դիակի տեղը մատնացույց արած տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել աղջկան
Հունվար 21 01:25 2017

Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել:

2017 թ. հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայոնւթյան հետ կապերի վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կասկածանքով բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է Ք. Ա.-ի դիակի գտնվելու վայրը:

Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Սևակավան բնակավայրի վարչական տարածքի սկզբնամասում, ձորակի լանջին:

Դիակի տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսի ավտոմեքենայի վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը: